Մատչելիության հղումներ

Արդարադատության նախարար․ Դատարանների դատարան չի՛ ստեղծվելու, Սահմանադրությունը չի՛ խախտվելու


Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը պաշտոնավարման 100 օրը ամփոփելիս անդրադարձավ օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարած անցումային արդարադատության համակարգին։

Նախարարը հավաստիացրեց, որ այն, ինչ մտադիր է իշխանությունը ներդնել, չի հակասում Հայաստանի Սահմանադրությանը և ստանձնած միջազգային պարտավորություններին․ - «Սահմանադրության որևէ դրույթ չի կասեցվելու` ուղղակիորեն կամ բովանդակային առումով: Դա լինելու է օրինական, և սա աջակցող է լինելու, ավելի շատ գործադիր ֆունկցիա իրականացնող մարմինների կողմից կարող է լինել աջակցությունը»:

Անցած ուրբաթ հրավիրած հանրահավաքի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անցումային արդարադատության անհրաժեշտությունը պայմանավորել էր դատական համակարգի ներկայիս վիճակով և մի շարք այլ խնդիրներով։

«Անցումային արդարադատության մարմինները մեզ կարող են անհրաժեշտ լինել ոչ միայն այն պատճառով, որ մեր դատական համակարգի բազմաթիվ կոռումպացված դեմքեր շարունակում են տեղը չբերել ժողովրդական հեղափոխությանը, այլև այն պատճառով, որ մեր օրենսդրության մեջ կան բազմաթիվ պրոբլեմներ», - իր ելույթում ասել էր վարչապետը:

Արդարադատության նախարար Զեյնալյանը մանրամասնելով այս համակարգի էությունը՝ նշեց, որ ի թիվս այլ խնդիրների, այն հնարավորություն է տալիս քննարկել նաև մարդու իրավունքների խախտումները․ - «Ասենք, որոշ գործերով, որտեղ եղել են թերացումներ, իրավունքի խախտման հարցը քննելու՝ արդյոք մարդու իրավունքը խախտվել է թե ոչ, իրավունքի խախտման փաստը ճանաչելու կամ չճանաչելու, արդարացի հատուցում տրամադրելու: Տեսականորեն նաև հնարավոր է, որ կարող են լինել դատավարական ժամկետների վերականգնման օրենսդրական հնարավորություններ։ Բայց հարցերը լուծելու են, եթե դատական կարգով պետք է լուծեն, լուծելու է Հայաստանի դատական գործող համակարգը, դատարաններն են գործելու»:

Վարչապետ Փաշինյանը հայտարարել էր՝ անցումային արդարադատության պարագայում չեն լինելու արտակարգ դատարաններ։

Արդարադատության նախարարն այսօր հավելեց, որ նոր դատարաններ չեն ստեղծելու․ - «Չե՛ն լուծարվելու դատարանները, դատարանների դատարան չի՛ ստեղծվելու, Սահմանադրությունը չի՛ խախտվելու, միջազգայնորեն ստանձնած պարտավորությունները չե՛ն խախտվելու, արտակարգ դատարաններ չե՛ն ստեղծվելու: Այն լինելու է օրինական և կոչված է լինելու մարդու իրավունքները վերականգնելուն»:

Զեյնալյանը նշեց նաև, որ օգտվելու են այլ երկրների փորձից․ - «Մենք առաջիկայում կհրապարակենք ուսումնասիրություն այս ոլորտի վերաբերյալ: Այսպիսի էլեմենտներ եղել են նաև վրացական հեղափոխությունից հետո Վրաստանում, այլ երկրներում ևս այդպիսի պրակտիկա եղել է, և մենք անպայման բոլորի փորձը ուսումնասիրելու ենք: Նաև սովորելու ենք նրանց սխալների վրա»:

Ամփոփելով իր գործունեության 100 օրը՝ Արտակ Զեյնալյանը անդրադարձավ մի շարք ոլորտների։ Մասնավորապես, նշեց, թե Հայաստանում չկա դատապարտյալ, որ իր մահճակալը չունենա։ Իրավապաշտպանները հաճախ էին քննադատում նախկին իշխանություններին՝ բանտերի գերբեռնվածության, փակ հաստատություններում քրեական ենթամշակույթի առկայության համար։

Արդարադատության նախարարը նաև հայտարարեց, որ անցած 100 օրվա ընթացքում բարելավվել է բանտային սնունդը, քրեական ենթամշակույթի բացառմանն ուղղված աշխատանքներ են տարվում, վերացել են բանտախցի և մահճակալի համար գումարների գանձումը, առանց բացառության խուզարկվում են անազատության մեջ պահվող բոլոր անձանց խցերը։

Նախարարը նշեց նաև, որ ցմահ բանտարկյալների համար նախատեսում են ներդնել պայմանական վաղաժամկետ ազատելու ինստիտուտը, որը տարիներ շարունակ չի կիրառվել։

Զեյնալյանը հայտարարեց, որ արձակուրդ է վերցնելու՝ որպես քաղաքապետի թեկնածու Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու համար։ «Ելք» դաշինքի կազմից երկու՝ «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունները հենց Զեյնալյանի թեկնածությունն են առաջադրելու։ Վերջինս ասաց, որ երկու կուսակցություններով նոր դաշինք են կազմելու, անվանումը դեռ որոշված չէ:

«Համաձայնություն եմ տվել գլխավորել «Հանրապետություն» կուսակցության և «Լուսավոր Հայաստան» կուսակցության համատեղ ստեղծվելիք դաշինքի նախընտրական ցուցակը», - հայտարարեց Զեյնալյանը:

«Ազատության» հարցին, ինչու որոշեց մասնակցել մայրաքաղաքի ավագանու ընտրություններին, Արդարադատության նախարարը պատասխանեց․ - «Դա մեր երկու կուսակցությունների համատեղ քննարկումների արդյունքում կայացված որոշում է: Կարծում ենք, Հայաստանի համար և Երևանի համար դա օգտակար և պիտանի կլինի, որպեսզի այդ երկու կուսակցությունները մասնակցեն ընտրություններին, մասնակցեն դաշինքով և մասնակցեն իմ գլխավորությամբ»:

«Ելք» դաշինքի մաս կազմող մյուս՝ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագի»ր կուսակցության թեկնածուն դերասան Հայկ Մարությանն է: «Ազատության» հարցին, թե ինչու «Ելքը» մեկ միասնական թեկնածու չառաջադրեց և արդյոք դաշինքի կուսակցությունների այս որոշումները նշանակում են, որ այն ըստ էության այլևս չի գործում, Արտակ Զեյնալյանը պատասխանեց․ - «Ելք» դաշինքը Ազգային ժողովում ունի խմբակցություն և այն գործելու է այնքան ժամանակ, քանի դեռ Ազգային ժողովը չի արձակված: «Ելք» դաշինքը քաղաքական հենարանն է այսօրվա կառավարության Ազգային ժողովում, նաև ներկայացված է կառավարությունում: Մենք պատրաստվում ենք Հայաստանի Հանրապետությունը դարձնել հիրավի իրավական և ժողովրդավարական երկիր, և սա այդ ճանապարհի քայլերից մեկն է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG