Մատչելիության հղումներ

Դատարանները չեն լուծարվելու, դատարանների դատարան չի ստեղծվելու. Արդարադատության նախարար


Անցումային արդարադատությունը չի հակասելու Հայաստանի սահմանադրությանն, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն՝ անդրադառնալով անցումային արդարադատության մարմիններ ձևավորելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։

«Վարչապետն իր ելույթում շատ կոնկրետ նշեց, որ արտակարգ դատարաններ չեն ստեղծվելու, ես ավելացնեմ՝ անցումային արդարադատությունը չի հակասելու Հայաստանի սահմանադրությանը, չի հակասելու Հայաստանի միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորություններին, Սահմանադրության որևէ դրույթ չի կասեցվելու` ուղղակիորեն կամ բովանդակային առումով: Դա լինելու է օրինական, սա աջակցող է լինելու, ավելի շատ գործադիր ֆունկցիա իրականացնող մարմինների կողմից կարող է լինել աջակցությունը, ասենք՝ որոշ գործերով, որտեղ եղել են թերացումներ, իրավունքի խախտման հարցը քննելու՝ արդյոք մարդու իրավունքը խախտվել է, թե՞՝ ոչ, իրավունքի խախտման փաստը ճանաչելու, կամ չճանաչելու, արդարացի հատուցում տրամադրելու, տեսականորեն նաև հնարավոր է, ես նշում եմ հնարավոր է, հնարավոր լուծումներից է, որ կարող են լինել դատավարական ժամկետների վերականգնման օրենսդրական հնարավորություններ։ Բայց հարցերը լուծելու են, եթե դատական կարգով պետք է լուծեն, լուծելու է Հայաստանի դատական գործող համակարգը՝ դատարաններն են գործելու, չեն լուծարվելու դատարանները, դատարանների դատարան չի ստեղծվելու, Սահմանադրությունը չի խախտվելու, միջազգայնորեն ստանձնած պարտավորությունները չեն խախտվելու, արտակարգ դատարաններ չեն ստեղծվելու, այլ լինելու է օրինական և կոչված է լինելու մարդու իրավունքները վերականգնելուն», - ասաց նախարարը։

Օգոստոսի 17-ին՝ հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով դատական համակարգի ներկայիս վիճակին, խոսեց անցումային արդարադատության մարմիններ ձևավորելու անհրաժեշտության մասին։

«Անցումային արդարադատության մարմինները մեզ կարող են անհրաժեշտ լինել ոչ միայն այն պատճառով, որ մեր դատական համակարգի բազմաթիվ կոռումպացված դեմքեր շարունակում են տեղը չբերել ժողովրդական հեղափոխությանը, այլև այն պատճառով, որ մեր օրենսդրության մեջ կան բազմաթիվ պրոբլեմներ»,- հայտարարեց վարչապետը:

Նա նշեց մի շարք պատճառներ, որոնք թույլ են տալիս իշխանությանը՝ քննարկել անցումային արդարադատության մարմինների ստեղծման հարցը, դրանցից մեկն էլ ապօրինի հարստացումն է։

«Այստեղից ոչ հեռու գտնվող մի բանկում շատ բարձրաստիճան պաշտոնյայի հարազատ եղբոր ընդամենը մի բանկային հաշվում հայտնաբերվել է 30 միլիոն դոլար: Զուտ Հայաստանի այսօրվա ֆորմալ օրենքների տեսակետից չափազանց դժվար է դրա հետ կապված քննություն կազմակերպելը, որովհետև այդ մարդը ֆորմալ առումով շատ երկար տարիներ պետական պաշտոնյա չի եղել, հետևաբար՝ հայտարարագիր չի ներկայացրել, և ֆորմալ առումով այստեղ կան դժվարություններ՝ այդ գումարը հետաքննելու և օրենքով սահմանված կարգով առգրավելու», - ասաց վարչապետը՝ շարունակելով. - «Բայց ուզում եմ ասել, որ հանկարծ դա չշփոթեք արտակարգ դատարանների հետ: Անցումային արդարադատության մարմինները միջազգային քաղաքակիրթ հանրությանը հայտնի մարմիններ են, և այդպիսով շատ երկրներ անցել են այդ ճանապարհը, և միջազգային հանրությունը ողջունում է այդ պրակտիկան»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG