Մատչելիության հղումներ

Մանվել Գրիգորյանի լուսանկարը «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում չի արվել. Քրեակատարողական ծառայություն


Մանվել Գրիգորյան, արխիվ

Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը պարզաբանում է՝ օգոստոսի 20-ին էլեկտրոնային լրատվական կայքերում հրապարակված կալանավորված Մանվել Գրիգորյանի լուսանկարը «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում չի արվել:

Երեկ «Հայկական ժամանակ»-ը հրապարակեց Մանվել Գրիգորյանի լուսանկարը, որը քննադատության մեծ ալիք բարձրացրեց։

Այսօր լրատվամիջոցը ներողություն է խնդրել։ «Մենք մեր աղբյուրը չենք բացահայտի իհարկե, սակայն հուսով ենք պատկան մարմինները կհայտնաբերեն և կպատժեն այդ լուսանկարի «հեղինակներին»։ Լուսանկարի հրապարակումը լրագրողական գայթակղություն էր մեր կողմից, որի համար կրկին ներողություն ենք խնդրում», - ասված է խմբագրության տարածած հայտարարությունում։

Մանվել Գրիգորյանը կալանավորվել է հունիսի 19-ին: Նա մեղադրվում է մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու և պահելու, ինչպես նաև՝ մի խումբ անձանց հետ յուրացման եղանակով իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով գույքը հափշտակելու համար։

Գեներալին պատկանող շինություններում և տարածքներում խուզարկությունների արդյունքներով Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տարածած հաղորդագրությունում մասնավորապես ասված էր․ - «Մանվել Գրիգորյանին պատկանող հանգստյան գոտին վերածվել էր զինապահեստի, ռետրո և ժամանակակից տասնյակ ավտոմեքենաների ավտոպարկի: Ակնալճի ամառանոցը գեներալի համար ծառայել է նաև «Զինվորի բաժին» նշագրումով սննդի, հիգիենիկ պարագաների, դեղորայքի, զինվորական հանդերձանքի պահեստարանի: Զինվորներին հասցեագրված արկղերին կից նամակներից ակնհայտ էր, որ արկղերի պարունակությունը դեռևս 2016-ին ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին ուղարկված օգնությունն էր առաջնագծի զինվորներին»: ԱԱԾ-ն նաև տեսանյութ էր հրապարակել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG