Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) «Մարտի 1»-ի գործով խուզարկություն է իրականացրել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առանձնատանը և գրասենյակում։ Այդ մասին «Ազատության»-ը փոխանցեց հատուկ քննչական ծառայության խոսնակ Մարինա Օհանջանյանը։
Այլ մանրամասներ ՀՔԾ-ն չի հաղորդում։ Երկրորդ նախագահի պաշտպան Հայկ Ալումյանն «Ազատության» հետ զրույցում ասաց՝ ինքը խուզարկությանը ներկա չի եղել, սակայն նաև պնդեց՝ գործին առնչվող որևէ բան չի հայտնաբերվել։ ֊ «Բացարձակապես որևէ բան Մարտի 1-ի հետ առնչվող չի հայտնաբերվել», ֊ շեշտեց պաշտպանը:
Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն «Ազատությանը» փոխանցեց, որ նախաքննության գաղտնիքից ելնելով՝ չի կարող մանրամասներ հրապարակել առանձնատան և գրասենյակի խուզարկության վերաբերյալ։ Ասաց, որ հակառակ դեպքում կարող էր մանրամասներ պատմել ընթացքի և արդյունքների մասին։ Խուզարկությունն իրականացվել է դեռ երկու շաբաթ առաջ, տեղեկացրեց Սողոմոնյանը՝ տարակուսանք հայտնելով, թե ինչու է իրավապահ մարմինը միայն այսօր խոսում այդ մասին:
Ռոբերտ Քոչարյանը 2008 թվականի մարտի 1-ի քրեական գործով մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ: Հուլիսի 27-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրել կալանավորումը: Օգոստոսի 13-ին վերաքննիչ դատարանը վերացրեց առաջին ատյանի դատարանի որոշումը և բավարարեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների ներկայացրած՝ խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունը:
ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն «ապօրինի» է որակել Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու՝ Վերաքննիչ դատարանի և, մասնավորապես, գործը քննած դատավոր Ալեքսանդր Ազարյանի որոշումը։
Սասուն Խաչատրյանը հույս է հայտնել, որ Գլխավոր դատախազությունը վճռաբեկ բողոք կբերի, և Ռոբերտ Քոչարյանը դարձյալ կհայտնվի անազատության մեջ, որպեսզի «չկարողանա խոչընդոտել» գործի քննությունը:
Այսօր Գլխավոր դատախազությունից տեղեկացրեցին, որ Քոչարյանի կալանքը վերացնելու՝ Վերաքննիչ դատարանի որոշման դեմ բողոքը այսօր մինչև օրվա վերջ կներկայացնեն Վճռաբեկ դատարան։