Մատչելիության հղումներ

«Թվում է՝ ԱՄՆ-ը անկեղծ չէ, և չի ուզում հարթել ճգնաժամը». Թուրքիան մեղադրել է ԱՄՆ-ին


Թուրքիան արտգործնախարար Մևլութ Չավուշօղլու, արխիվ
Թուրքիան արտգործնախարար Մևլութ Չավուշօղլու, արխիվ

Թուրքիան արտգործնախարարի մակարդակով մեղադրել է ԱՄՆ նախագահին ու պնդել, թե Դոնալդ Թրամփն իրականում փորձում է երկարաձգել երկկողմ դիվանագիտական ճգնաժամն ու դրանից ներքաղաքական դիվիդենտներ շահել՝ Սենատի միջանկյալ ընտրություններին ընդառաջ:

«Թվում է՝ Միացյալ Նահանգներն անկեղծ չէ, և չի ուզում հարթել այս ճգնաժամը: Նրանք ուզում են օգտագործել սա Սենատի ընտրություններում», - երեկ հայտարարել է Մևլութ Չավուշօղլուն՝ հավելելով. - «Մենք նախընտրում ենք խնդիրները լուծել դիվանագիտական ճանապարհով ու բանակցություններով, Ամերիկան՝ սպառնալիքներով»:

Երբեմնի ռազմավարական դաշնակիցներն այս ամսվա սկզբից անցել են փոխադարձ պատժամիջոցների ու սպառնալիքների՝ ամերիկացի պաստոր Էնդրյու Բրանոսնի պատճառով, որին Թուրքիայի իշխանությունները երկու տարի է կալանավորել են՝ լրտեսության ու ահաբեկչությանն աջակցելու մեղադրանքներով:

Վաշինգտոնը ծայրեծար անարդար ու հորինված է որակում գործը՝ քրիստոնյա հոգևորականին համարելով զոհ ու գերի Էրդողանի վարչակազմի ձեռքում:

«Կոչ եմ անում չփորձել նախագահ Թրամփի համբերությունը և անհապաղ նրան զատ արձակել՝ օրեր առաջ զգուշացրել էր փոխնախագահ Մայք Փենսը: Ինքը՝ Դոնալդ Թրամփն էլ շաբաթավերջին Թվիթերում գրել էր՝ «Թուրքիան չարաշահել է Ամերիկայի վստահությունը»:

Երկկողմ այս լարվածության ֆոնին Թուրքիայի ազգային արժույթը՝ լիրան, օր-օրի արժեզրկվում է, փորձագետները խոսում են տնտեսության հնարավոր ճգնաժամի մասին:

Արևմտյան լրատվամիջոցները ՝ 50-ամյա պաստորին արդեն կնքել են որպես աշխարհի ամենաթանկ բանտարկյալ։

«Նրան կալանքի տակ պահելու դիմաց Թուրքիան շաբաթների ընթացքում քառասուն միլիարդ դոլար է կորցրել ֆոնդային բորսաներում, ազգային արժույթը մեկ հինգերորդով արժեզրկվել է, տնտեսությունն էլ հայտնվել կաթվածահար վիճակում», - գրել էր հեղինակավոր Economist-ը:

BBC-ն՝հղում անելով ամերիկյան վարչակազմի իր աղբյուրները, հաղորդում է, թե Վաշինգտոնում նոր, առավել կոշտ պատժամիջոցներ են պատրաստում Անկարայի դեմ:

Bloomberg-ը՝ փաստելով, որ թուրք-ամերիկյան հարաբերությունները վատթարանում են այնքան արագ, որքան սրընթաց արժեզրկվում է թուրքական լիրան, նշում է. -«Դիվանագիտական այս ճգնաժամը կարող է հանգուցալուծվել երկու ճանապարհով՝ կա՛մ փոխզիջումներով, որոնք թույլ կտան հնարավորինս քիչ վնասներ հասցնելով փրկել երկկողմ համագործակցությունը, կա՛մ կապերի լիակատար խզմամբ, ինչը կործանարար հետևանքներ կունենա Թուրքիայի տնտեսության ու Ամերիկայի տարածաշրջանային շահերի վրա: Ցանկացած պարագայում՝ թուրք-ամերիկյան հարաբերություններն այլևս առաջվանը չեն լինի»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG