Իրանի արտգործնախարար Մոհամադ Զարիֆը հայտարարել է, թե Միացյալ Նահանգների պետդեպարտամենտում վերջերս ստեղծված կառույցը՝ Իրանի հարցերով նախաձեռնությունը, իրականում նպատակ ունի հեղաշջում իրականացնել Իսլամական Հանրապետությունում:
«Դա, սակայն, չի հաջողվելու», ֊ զգուշացրել է Զարիֆը՝ Թվիթերում արած գրառմամբ:
Նոր կառույցի մասին շաբաթասկզբին հայտարարել էր պետքարտուղար Մայք Փոմփեոն, պնդելով, թե խումբը համակարգելու և առաջ է տանելու Իրանի նկատմամբ ԱՄՆ քաղաքականությունը Վաշինգտոնում և երկրի սահմաններից դուրս: Կառույցի ղեկավար է նշանակվել Բրայան Հուքը, ով դառնալու է Իրանի հարցով ԱՄՆ հատուկ բանագնացը: