Մատչելիության հղումներ

Մերկել֊Պուտին հանդիպումը ավարտվել է առանց էական արդյունքների


Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ ավելի քան երեք ժամ շարունակված հանդիպում են ունեցել Բեռլինի մերձակայքում՝ Մեզենբերգում գտնվող կառավարական նստավայրում, որն ավարտվել է առանց էական արդյունքների. երկու առաջնորդները բանակցությւոններից հետո մամուլի ասւոլիս չեն տվել, Կրեմլի խոսնակը միայն նշել է, որ «կողմերը համաձայնությունների չեն հասել, քանի որ նման խնդիր չի եղել»։

«Սա շատ օգտակար, անհրաժեշտ ու ճիշտ ժամանակին կազմակերպված հանդիպում էր` տարբեր հարցերի շուրջ կողմերի դիրքորոշումները քննարկելու համար», ֊ ասել է Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Սա Ռուսաստանի նախագահի առաջին այցն էր Գերմանիա 2014֊ից՝ Ղրիմի բռնակցումից հետո, ինչին ի պատասխան Արևմուտքը Ռուսաստանի դեմ մի շարք կոշտ պատժամիջոցներ է սահմանել:

Պուտինի հետ բանակցություններից առաջ Գերմանիայի կանցլերը հայտարարել էր, թե փորձելու է հասնել հրադադարի հաստատման Ուկրաինայի արևելյան շրջաններում, քննարկելու է իրավիճակը Սիրիայում, Իրանում, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանությունը Ռուսաստանում:

Բանակցությունների օրակարգում է եղել նաև «Հյուսիսային հոսք֊2» գազատարի շինարարության հարցը, որին Միացյալ Նահանգներն ընդդիմանում է` պնդելով, թե դա բխում է միայն Կրեմլի շահերից և մեծացնում Եվրոպայի էներգետիկ կախվածությունը Ռուսաստանից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG