Թուրքիայի նախագահ Ռեջեփ էրդողանը կոշտ քննադատության է ենթարկել ԱՄՆ-ին ու պնդել, որ Անկարան չի ընկրկի արտաքին ճնշումների ներքո: «Մենք տեղի չենք տվել և չենք տա նրանց առջև, որոնք իրենց ներկայացնում են իբրև ռազմավարական դաշնակից, բայց, իրականում, մեզ դարձնում ռազմավարական թիրախ»,- հայտարարել է Էրդողանը իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության համագումարում:
«Թուրքիայի հակառակորդները մեր դեմ տնտեսական լծակներ են գործի դնում, բայց մենք չենք փոխելու մեր քաղաքականությունը, նրանք չեն կարող ճնշել մեզ»,- պնդել է Թուրքիայի նախագահը:
Միացյալ Նահանգներն այս ամսվա սկզբից մի շարք պատժամիջոցներ է սահմանել Անկարայի հանդեպ՝ պահանջելով ազատ արձակել ամերիկացի պաստոր Էնդրյու Բրանսոնին, ով արդեն շուրջ երկու տարի է՝ թուրքական բանտում է լրտեսության ու ահաբեկչությանն առնչվող մեղադրանքներով:
«Սա սարսափելի, անարդար բան է»,- երեկ հայտարարել էր Սպիտակ տան ղեկավարը, ընդգծելով․ «Մենք չենք պատրաստվում անմեղ մարդու ազատ արձակման դիմաց զիջումների գնալ, բայց հաստատ կսահմանափակենք Թուրքիայի հետ մեր հարաբերությունները»:
Երբեմնի ռազմավարական դաշնակիցների միջև խորացող այս լարվածության ֆոնին թուրքական արժույթը երկրորդ շաբաթն է՝ կտրուկ անկում է արձանագրում, փորձագետներն արդեն խոսում են տնտեսական ճգնաժամի մասին: