Մատչելիության հղումներ

Օշականում հարգանքի տուրք մատուցեցին ռուս-պարսկական պատերազմի զոհերի հիշատակին


ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ, Հայաստանում՝ Օշական գյուղի մոտակայքում, հարգանքի տուրք են մատուցել 1826-28 թվականների ռուս-պարսկական պատերազմում զոհված զինվորների հիշատակին:

«Ամեն տարի օգոստոսի 17-ին մենք հավաքվում ենք այստեղ և մեծարում ռուս զինվորներին և հայ կամավորականներին, ովքեր անհավասար մարտում զոհվել են եղբայրական հայ ժողովրդի անկախության համար»,- այսօր ասել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

Էջմիածնի քաղաքապետի պաշտոնակատար Դիանա Գասպարյանն ասել է, որ հայ ժողովուրդը երբեք չի մոռանա ռուս զինվորների սխրանքը:

Միջոցառման մասնակիցները ծաղիկներ են տեղադրել «Օշականի հերոսների» ուշարձանին: Միջոցառման ընթացքում զոհվածների հոգիների համար կատարվել է աղոթք Ռուսաց Ուղղափառ և Հայ Առաքելական եկեղեցիների ծիսակարգով:

ՏԱՍՍ-ը նշում է, որ Օշականի 1828 թվականի արյունալի ճակատամարտը ռուս-պարսկական պատերազմի հերոսական դրվագներից մեկն էր:

Պարսիկ թագաժառանգ Աբաս-Միրզայի և ռուս գեներալ-լեյտենանտ Աֆանասի Կրասովսկու զորքերի մղած այդ ճակատամարտում զոհվել է 1131 ռուս զինվոր, հայ զոհված կամավորականների թվի մասին ստույգ տեղեկություններ չկան:

«Այդ պատերազմի արդյունքում Արևելյան Հայաստանն ազատվել է պարսիկների լծից և միացել է Ռուսաստանին»,- նշում է ՏԱՍՍ-ը:

Օշականում 1833-34 թվականներին տեղադրվել է «Օշականի հերոսների» հուշարձանը, որը 2011 թվականին վերանորոգվել է և հանդիսավորությամբ վերաբացվել է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG