Մատչելիության հղումներ

Հարկային օրենսգրքի բարեփոխման աշխատանքային խմբի անդամները լսեցին շիրակցիների առաջարկները


Գյումրի, արխիվ
Գյումրի, արխիվ

Աշնանը խորհրդարանի օրակարգ կմտնի Հարկային օրենսգրքի փոփոխություների նախագիծը: Մինչ այդ՝ կառավարությունը հատուկ աշխատանքային խումբ է ստեղծել, որում ներգրավված են ՊԵԿ-ի ու մի քանի նախարարությունների ներկայացուցիչներ: Խմբի անդամներն այժմ շրջում են մարզերով, լսում խնդիրներն ու հարկային վարչարարության բարելավման վերաբերյալ տեղերից հնչող առաջարկները:

Շիրակի մարզում կայացած հանդիպմանը հարկատուները նախ խնդիրները բարձրաձայնեցին՝ սկսած ՀԴՄ կտրոնների ու սարքերի ձեռքբերման դժվարություններից, մինչև ՊԵԿ-ի թեժ գծի ոչ արդյունավետ աշխատանքը: Բողոքեցին, որ վճարովի ծառայության դիմաց հստակ պատասխաններ չեն ստանում:

Հավաքվածները հիմնականում հաշվապահներ էին: Փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներին մտահոգողը շրջանառության հարկի շեմն է, որը, նրանց խոսքով՝ թույլ չի տալիս «մաքուր աշխատել»: Մի քանի ընկերությունների հաշվապահ Արմեն Սիրեկանյանն առաջարկում է այլ հաշվարկով առաջնորդվել․ «Փոքր ու միջին ձեռնարկության համար շեմ հասկացողությունը հաշվարկվեր ոչ թե շրջանառության ծավալից, այլ տարեկան ստացվող եկամուտից»:

Հավաքվածները նաև ԵԱՏՄ երկրներից ներկրվող ապրանքներից ԱԱՀ-ի հարկման համար հավասար դրույքաչափերի սահմանումը կարևորեցին: «Եթե մենք ԵԱՏՄ անդամ ենք, ուրիշ երկրներում ԱԱՀ դրույքաչափը 18 տոկոս է, Հայաստանում 20 է՝ ներկրված ապրանքների համար: Գոնե դա պետք է հավասարեցնել»,- ասաց Սիրեկանյանը:

Նորաստեղծ բիզնեսին հարկային արտոնության տրամադրման հարցն էլ բարձրացրին, որպեսզի գործարարը ժամանակ ունանա հասկանալու՝ արդյո՞ք բիզնեսը կհաջողի, թե ոչ: Քննարկման մասնակիցները նաև առաջարկեցին հատուկ ուղեցույց մշակել այն մասին, թե ինչ է պետք բիզնես հիմնելու համար, այլապես հաճախ փոփոխվող օրենքները «մարդկանց խճճում են»:

Գյուղատնտեսական արտադրանք արտադրողներն էլ հարցեր ունեին: «Նան կաթ» ընկերության տնօրեն Հեղինե Ադամյանը նկատեց՝ կաթը մթերելիս ավելացված արժեքի հարկ չի գանձվում, իսկ պանիր արտադրելիս գանձվում է․ «Անմիջապես հարկվում է 20 տոկոսով, այսինքն՝ ինքնարժեքն ինքնստինքյան 20 տոկոսով ավելանում է: Պետք է այնպես անել, որ այդ ամբողջը չմնա միայն արտադրողի վրա»: Երիտասարդ հաշվապահ Էլզա Գինեցյանն էլ առաջարկում է տարբերակում մտցնել մարզերի և մայրաքաղաքի հարկատուների միջև: «Շիրակի մարզը Հայաստանի ամենաաղքատ մարզն է համարվում, բայց միևնույն հարկային դրույքաչափերին են ենթարկվում»,- նկատել է տալիս հաշվապահը:

Աշխատանքային խմբի հետ շիրակցիների հանդիպումների արդյունքները կամփոփվեն և կներկայացվեն հարկային բարեփոխումներով զբաղվող հանձնաժողովին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG