Մատչելիության հղումներ

Ադրբեջանցիների զինված խումբը «ետ է շպրտվել», Բաբայանի խոսքով՝ «դա ցույց է տալիս մեր զգոնության բարձր մակարդակը»


Առաջնագծում, արխիվ

Այս գիշեր ադրբեջանական 15 հոգանոց խումբը հարձակման փորձ է ձեռնարկել ԼՂ պաշտպանության բանակի հյուսիսային հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ, հաղորդում է Լեռնային Ղարաբաղի ռազմական գերատեսչությունը:

Ըստ պաշտոնական հաղորդագրության, «ՊԲ դիրքապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են նախահարձակ խմբի գործողությունները և վերջիններիս հետ շպրտել ելման դիրքեր»։ Տեղի ունեցած փոխհրաձգության ընթացքում հայկական կողմը կորուստ չի ունեցել, իսկ «հակառակորդի ունեցած կորուստների մասին տվյալներըը ճշտվում են»:

Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանն «Ազատության» հետ զրույցում ասաց՝ Ադրբեջանի նման գործողությունները նորություն չեն, այդ երկիրը պարբերաբար փորձում է հարձակումներ գործել։ «Հակառակորդը պարբերաբար, գրեթե ամեն ամիս, ամեն շաբաթ, փորձում է ստուգել մեր զգոնությունը և դիմում է տարբեր ահաբեկչական քայլերի: Այն, որ այդ բոլոր փորձերը ձախողվում են, հատկապես վերջին ժամանակահատվածում, ցույց է տալիս, որ մեր զգոնությունը բավական բարձր է»,- ասաց Բաբայանը:

ԼՂ պաշտոնյան ասաց նաև, թե կասկածներ ունեն, որ ադրբեջանական կողմը կորուստներ է կրել, ինչը, սակայն, հակառակորդը միշտ էլ փորձում է թաքցնել։ Դավիթ Բաբայանն ասաց, թե ցանկալի է, որ հրադադարի ռեժիմի խախտման ցանկացած դեպքի նկատմամբ միջազգային հանրության հասցեական արձագանք լինի։ Հատկապես, այն դեպքերում, երբ ադրբեջանական կողմը նաև «հայատյաց հայտարարություններ է հնչեցնում»։ «Ադրբեջանի ագրեսիվ պահվածքը զուգահեռաբար նաև տեղեկատվական հարթակում է դրսևորվում»,- նշեց Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազի ղեկավարի տեղակալը:

Հայաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն էլ «Ազատության» հետ զրույցում նշեց՝ Ադրբեջանը պարբերաբար փորձում է սադրել, ինչը հայկական կողմն անպատասխան չի թողնելու: «Ի պատասխան սահմանում իր սադրանքների, Ադրբեջանը ստանում է ցավոտ հակահարվածներ: Նման գործողություններն անպատասխան չեն մնալու»,- ասաց ՀՀ ՊՆ խոսնակը:

Ադրբեջանի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքէջում անցած գիշերվա հարձակման փորձի վերաբերյալ տեղեկություններ չկան։ Փոխարենը կայքը հաղորդում է, թե հայկական կողմը խախտել է հրադադարի ռեժիմը, մասնավորապես, Նոյեմբերյանի, Բերդի,Կրասնոսելսկի, ինչպես նաև ղարաբաղյան հատվածներում տեղակայված դիրքերից կրակ է բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Արծրուն Հովհաննիսյանի պնդմամբ, այդ տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում, իսկ դրանց պարբերական տարածումը «Ադրբեջանի մշտական ձեռագիրն է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG