Մատչելիության հղումներ

Թբիլիսիում այսօր Ռուսաստանի վիզաների կենտրոն կբացվի


Տեսարան Թբիլիսիից
Տեսարան Թբիլիսիից

Այսօր Թբիլիսիում բացվելու է Ռուսաստանի վիզաների կենտրոնը։ Սա Վրաստանի քաղաքացիների համար կդյուրացնի Ռուսաստան մեկնելու համար վիզաներ ստանալը։ Նախաձեռնությունը ռուսական կողմինն է։

Ռուսաստանը Վրաստանի քաղաքացիներից վիզա է պահանջում Ռուսաստան մուտք գործելու համար։

Ռուս-վրացական բանակցություններում ռուսաստանի բանագնաց Գրիգորի Կարասինն ասել է, թե վիզային ռեժիմը չեղարկելու մասին կարելի է խոսել այն ժամանակ, երբ Վրաստանն արդյունավետ աջակցի ահաբեկչության դեմ պայքարին։

Վրաստանի բանագնաց Զուրաբ Աբաշիձեն «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում նշել է, որ վրացական կողմը դեռ 2014 թվականից Ռուսաստանի քաղաքացիների համար բարենպաստ պայմաններ է ստեղծել, նրանք կարող են մեկ տարի ժամկետով՝ առանց վիզայի գալ և մնալ Վրաստանում։

Թբիլիսիում ռուսական վիզայի կենտրոնի բացումը նաև հաջորդում է կոռուպցիոն բացահայտումների մասին վրացական լրատվամիջոցների հրապարակումներին։

Քանի որ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, Վրաստանի քաղաքացիները ռուսական վիզաներ ստանում են Թբիլիսիում Շվեյցարիայի դեսպանատնից, որտեղ Ռուսաստանի շահերի բաժին կա բացված։

«Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը ցուցադրել է ռուսական վիզաների տրամադրման կոռուպցիոն սխեմա, որտեղ ներգրաված են ռուսական շահերի բաժնի աշխատակիցները։ Բայց վրացական լրատվամիջոցների բացահայտած կոռուպցիոն սխեմայի մեջ ռուսաստանը մեղադրել է, ոչ թե վիզաներ տվող պաշտոնյաներին, այլ հանցավոր խմբերին։

Հեռուստաընկերության հարցմանը Մոսկվան պաշտոնապես հայտարարել է, թե մեղավորը վրացական հանցավոր տարրերն են։

Զուրաբ Աբաշիձեն ասել է, թե Ռուսաստանի արտաքին քաղաքականության գերատեսչության մեկնաբանությունն, ըստ իրենց, չի արտահայտում օբյեկտիվ իրականությունը։

«Կուրիեր»-ը ևս այդ հարցով լրագրողական հետաքննություն է անցկացրել։ Այդ հաղորդման մեջ նշվում է, որ ռուսական շահերի բաժնի աշխատակիցների անբարեխիղճ աշխատանքի պատճառով մարդիկ ամիսներով սպասում են ռուսական վիզաների, պահանջվող գումարները շատ ավելին են, քան պետք է վճարել վիզա ստանալու համար։

Հաղորդումից հետո Վրաստանի իրավապահները քրեական գործ են հարուցել՝ պարզելու համար, թե Վրաստանի քաղաքացիներն ում են 350-ից 550 դոլար վճարում ռուսական վիզայի համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG