Դեթրոյթ քաղաքում 76 տարեկանում ենթաստամոքսային գեղձի քաղցկեղից մահացել է լեգենդար երգչուհի Արեթա Ֆրենքլինը:
Նա կատարել է "Respect", "Chain of Fools", "Spanish Harlem", "Think" և բազմաթիվ հայտնի այլ հիթեր:
Երաժշտական աշխարհում Ֆրենքլինին 1960-ական թվականներից անվանել են «Սոուլի թագուհի»: Երգչուհին վաստակել է 18 Գրեմի մրցանակ և 25 «Ոսկե ձայնասկավառակ»:
Երգչուհին մեծ հարգանք է վայելել ոչ միայն երաժշտասերների, այլև քաղաքացիական իրավունքի պաշտպանների շրջանում:
Արեթա Ֆրենքլինի բարեկամներից էր սևամորթների իրավունքների առաջամարտիկ Մարթին Լյութեր Քինգը:
Երգչուհին 2011 թվականին մայրաքաղաք Վաշինգթոնում ելույթ է ունեցել Քինգի հիշատակին նվիրված համերգին:
Բացի այդ, Արեթա Ֆրենքլինը երգել է նախագահներ Ջիմի Քարթերի, Բիլ Քլինթոնի և բարաք Օբամայի պաշտոնամուտի արարողություններին և իրավապաշտպան առասպելական ակտիվիստ Ռոզա Փարքսի հուղարկավորությանը:
Նախագահ Բիլ Քլինթոնը Արեթա Ֆրենքլինին շնորհել է Արվեստի ազգային մեդալը, իսկ նախագահ Ջորջ Բուշը նրան 2005 թվականին արժանացրել է ամերիկյան քաղաքացիական բարձրագույն պարգևին՝ Ազատության նախագահական մեդալին:
Այսօր աշխարհահռչակ քաղաքական գործիչներն ու արվեստագետները հարգանքի տուրք են մատուցում հանճարեղ երգչուհու հիշատակին: