Ամերիկյան ավելի քան 350 օրաթերթեր այսօր իրենց խմբագրականները նվիրել են խոսքի ազատության պաշտպանությանը՝ քննադատելով «ֆեյք (կեղծ) լուրերի դեմ» նախագահ Թրամփի արշավն ու պնդումները, թե լրագրողները «Ամերիկայի ժողովրդի թշնամին են»:
Ակցիան նախաձեռնել է Boston Globe-ը, որի խմբագրականն այսօր պնդում է՝ նախագահը Թրամփը շարունակական գրոհ է իրականացնում ազատ մամուլի դեմ: Լրատվամիջոցն այնուհետև հավելում է․ «Ամերիկայի հզորությունը կախված է խոսքի ազատությունից»: Մամուլի այս արշավին միացել են The New York Times-ը, The Philadelphia Inquirer-ը և մի շարք այլ պարբերականներ այն նահանգներում, որտեղ Թրամփը 2016-ի ընտրություններում հաղթանակ է արձանագրել:
Սպիտակ տան ղեկավարը պաշտոնը ստանձնելուց հետո կոշտ կերպով քննադատում է լրատվամիջոցներին, որոնք, նրա բնորոշմամբ, կեղծ տեղեկատվություն են տարածում՝ հղում անելով անանուն աղբյուրներին: Չիկագոյում լույս տեսնող «Sun-Times»-ի խմբագրականն այսօր պնդել է․ «Ամերիկացիների մեծ մասը գիտի, որ Թրամփն անհեթեթություն է ասում»: Սենթ-Լուիսում լույս տեսնող «Post-Dispatch»-ն էլ լրագրողներին կոչել է «ամենաիսկական հայրենասերներ»: