Մատչելիության հղումներ

Կրթության և մշակույթի նախարարները հայտարարում են համատեղ իրագործվելիք ծրագրերի մասին


Մշակույթի նախարար Լ․ Մակունցի և կրթության և գիտության նախարար Ա․ Հարությունյանի համատեղ ասուլիսը, 16-ը օգոստոսի, 2018 թ․

Փարաջանովի տուն- թանգարանում այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ու մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն ազդարարեցին երկու նախարարությունների կողմից իրագործվելիք երկու համատեղ ծրագրի մասին: Դրանցից առաջինն առնչվում է Հայաստանի բոլոր դպրոցներում սովորող ավելի քան 35 հազար աշակերտների․ նրանց հնարավորություն է տրվելու ուսումնական տարվա ընթացքում երեք անգամ անվճար այցելել մշակութային հաստատություններ՝ աբոնեմենտային համակարգի շնորհիվ:

Ինչպես շեշտեց մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, 1-12-րդ դասարանցիների համար նախատեսված աբոնեմենտային համակարգը կսկսի գործել այս տարվա հոկտեմբերից: «Ուսումնական տարվա ընթացքում յուրաքանչյուր աշակերտի կտրվի երեք մշակութային հաստատություններ անվճար այցելելու հնարավորություն: Այդ հաստատություններն են՝ թանգարան կամ պատկերասրահ, թատրոն և համերգասրահ: Համերգասրահ ասելով՝ նկատի ունենք դասական երաժշտության համերգասրահը»:

Կրթության և գիտույան նախարար Արայիկ Հարությունյանն, իր հերթին, ասաց․ «Մշակույթի նախարարության հետ այս ծրագիրն, ըստ էության, իրականացնում ենք պիլոտային ռեժիմով, որպեսզի հասկանանք այս մեկ տարվա ընթացքում ինչ խնդիրներ կառաջանան, դրանք լուծենք և հաջորդ տարի ծրագիրն ավելի կատարելագործենք: Բայց, ըստ էության, բոլոր դետալներն արդեն մշակված են: Այս նախագծի համար նախատեսել ենք շուրջ 400 միլիոն դրամ, բայց նախագիծը ոչ այնքան մասշտաբայնությամբ է կարևոր, որքան դրված նպատակներով: Ամենակարևորն այն է, որ մեր աշակերտները, երեխաները, պատանիները հաղորդակից լիենեն մշակույթին»:

Արայիկ Հարությունյանը համոզված է, որ այս ծրագրի իրականացումը նաև լուրջ խթան կարող է հանդիսանալ մշակութային հաստատությունների աշխատանքի աշխուժացման համար․ «Պատկերացրեք՝ մեկ ուսումնական տարվա ընթացքում այդ հաստատությունների այցելուների թիվը ավելանալու է ավելի քան 1 միլիոնով»:

Ի դեպ՝ այս կամ այն մշակութային օջախ այցելելու ընտրությունը դպրոցականինն է: Նա ինքնուրույն է որոշելու՝ ծնողի կամ դասարանցիների և ուսուցիչների հետ թատրո՞ն գնալ, թանգարա՞ն, թե դասական երաժշտության համերգ ունկնդրել: Մշակույթի նախարարի խոսքով՝ սա կարող է մրցակցության առումով խթան դառնալ մշակութային հաստատությունների համար: «Խնդիր ենք դնում մշակութային հաստատությունների միջև որոշակի մրցակցություն սահմանելու: Այսինքն՝ աբոնեմենտային համակարգը պարտադիր բնույթ չի կրելու: Երեխան պետք է ազատորեն որոշում կայացնի, թե իրեն որ մշակութային միջոցառումն է ավելի հոգեհարազատ և այցելի հենց տվյալ հաստատությունը:

Երկու նախարարների՝ այսօր ազդարարած ոչ պակաս ուշագրավ երկրորդ համատեղ ծրագիրն էլ դրամաշնորհային է․ այն ուժի մեջ է մտնում հենց այսօրվանից: Մշակույթի գործիչները կարող են հայտեր ներկայացնել՝ «Քո արվեստը դպրոցում» խորագրով այդ ծրագրին մասնակցելու համար: «Վերցրել ենք երեք թիրախային ոլորտ՝ դասական երաժշտություն, կերպարվեստ և գրականություն: Դրամաշնորհային ծրագրի շրջանակներում, որի մեկնարկն այսօր է, ազդարարում ենք մրցույթ, որի շրջանակներում նշված ոլորտների ներկայացուցիչները պետք է ներկայացնեն նախագիծ մի քանի բաղադրիչներով»,- ասաց մշակույթի նախարարը:

Մրցույթում հաղթած արվեստագետներից յուրաքանչյուրին կտրվի 1 միլիոն դրամ, նրանցից յուրաքանչյուրն իր նախագիծը մեկ տարվա ընթացքում պիտի ներկայացնի 30 դպրոցում: «Դրամաշնորհային այս ծրագրի արդյունքում 50 արվեստագետներ կգնան ամբողջ Հայաստանի մոտ 1400 դպրոցներ»,- ասաց Արայիկ Հարությունյանը, հավելելով՝ սա գումար աշխատելու դրամաշնորհային ծրագիր չէ, այլ փոխշահավետ համագործակցություն՝ արվետագետի և դպրոցի միջև:

Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG