Մատչելիության հղումներ

Հայաստանում լինելու են նախադեպը չունեցող ընտրություններ. Օսիպյան


«Ես ձեզ վստահեցնում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում լինելու են նախադեպը չունեցող ընտրություններ», - այսօր կառավարության նիստից հետ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Հայաստանի ոստիկանապետ Վալերի Օսիպյանը։

«Ազատության» հարցին, թե այլևս ընտրակաշառք չի՞ բաժանվելու, տեղյա՞կ են, թե ովքեր են նախկինում ընտրակաշառք բաժանողները, Օսիպյանը պատասխանեց. - «Մենք չգիտենք, բայց կիմանանք, կկանխենք, իսկ լինելու դեպքում և՛ տվողը, և՛ վերցնողը, և՛ այն ոստիկանության աշխատակցի տեսադաշտում, որ այդ ամենը կկատարվի, կենթարկվեն պատասխանատվության»։

Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց կրճատել Երևանի ավագանու լիազորությունների ժամկետը և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) կողմից հրապարակած օրը Երևան համայնքում նշանակել և անցկացնել Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ:

Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարեց, որ հրապարակումից 30-ից 40-օրյա ժամկետում ԿԸՀ-ն նշանակում է Երևանի արտահերթ ընտրությունների օրը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այս ընտրությունները պետք է լինեն բացառիկ՝ օրինականության, թափանցիկության և արդարության առումով։

«Ընտրակեղծարարների խմբերն այս ընտրություններում որևէ անելիք չունեն, իսկ եթե հանկարծ պարզվի, որ անելիք ունեն, գալիս է իրավապահ մարմինների արագ, շեշտակի և արդյունավետ անելիքի ժամանակը», - ասաց վարչապետը։

Մայրաքաղաքը 7 տարի կառավարած հանրապետական Տարոն Մարգարյանը հուլիսի 9-ին հրաժարական տվեց։ Նրա հրաժարականից հետո Երևանն արդեն մեկ ամիս է՝ չունի ղեկավար, կառավարությունը մտադիր է ավագանու ընտրություններն անցկացնել սեպտեմբերի երկրորդ կեսին։

Մայրաքաղաքի ավագանու ընտրություններին ամենայն հավանականությամբ կմասնակցեն բազմաթիվ կուսակցություններ: Արդեն հայտնի է՝ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը կգլխավորի դերասան Հայկ Մարությանը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն առաջադրել է Նաիրա Զոհրաբյաննի թեկնածությունը, «Երկիր Ծիրանի»-ն՝ կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի թեկնածությունը, ՀՀՇ-ն քաղաքապետի պաշտոնի համար առաջադրել է Արարատ Զուրաբյանի թեկնածությունը, «Լուսավոր Հայաստանն» ու Հանրապետությունը ավագանու առաջին հորիզոնականում տեսնում են արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG