ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) նախկին ղեկավար Ջոն Բրենանին զրկել է գաղտնի տեղեկատվություն ստանալու իրավունքից և սպառնացել նույն քայլին դիմել նաև ազգային անվտանգության ոլորտի մի շարք այլ նախկին պաշտոնյաների նկատմամբ, ինչը ընդդիմախոսները որակում են որպես աննախադեպ ճնշում քննադատների նկատմամբ:
Նախագահ Թրամփը պնդում է, թե ԿՀՎ-ի նախկին ղեկավարը չարաշահել է լիազորություններն ու գաղտնի տեղեկություններ ստանալու իրավունքն օգտագործել գործող վարչակազմի շուրջ «քաոս տարածելու համար»՝ վտանգ ստեղծելով ազգային անվտանգության համար:
Բրենանն անցած ամիս կոշտ քննադատել էր Դոնալդ Թրամփի ասուլիսը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ այն որակելով որպես «դավաճանություն»:
Միացյալ Նահանգներում, ավանդաբար, բարձրաստիճան պաշտոնյաները շարունակում են տիրապետել գաղտնի տեղեկությունների նաև պետական ծառայությունն ավարտելուց հետո՝ իրենց հետնորդներին խորհրդատվություն տալու և աջակցելու համար: