Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցելու է Ավստրիայի արտաքին գործերի նախարարի պսակադրության արարողությանը։
Ավստրիական մամուլն այս մասին գրել է չորեքշաբթի օրը, իսկ ավելի ուշ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պաշտոնապես հաստատել է լուրը, ասելով, թե Պուտինը մտնելու է հարսանիք Բեռլինի ճանապարհին:
Նշենք, որ շաբաթավերջին Պուտինը Բեռլին է այցելելու, որտեղ բանակցելու է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ։
Ավստրիայի արտգործնախարար Կարին Կնայսլը ամուսնանում է գործարար Ֆոլֆգանգ Մայլինգերի հետ:
Մամուլի տեղեկություններով՝ նրանց պսակադրությանը Պուտինի ներկայության պատճառով ուժեղացվելու են անվտանգության միջոցները: Հատուկ ծառայությունները մտադիր են ներգրավել նաև դիպուկահարների։
Պուտինն Ավստրիա էր այցելել նաև հունիսի սկզբին: Նախագահական վերջին ժամկետը ստանձնելուց հետո, դա Պուտինի արտասահմանյան առաջին այցն էր: Այն ժամանակ մամուլը գրել էր, որ ռուս-ավստրիական հարաբերությունները, համեմատած եվրոպական մյուս երկրների հետ, ավելի դրական են ու կռահում էին, որ Վիեննայում հավանաբար քննարկվելու է Թրամփ-Պուտին հանդիպումն անցկացնելու հնարավորությունը, ինչը տեղի ունեցավ հաջորդ ամսվա կեսերին, սակայն Հելսինկիում:
Վլադիմիր Պուտինի օգնական Յուրի Ուշակովն ասել է, թե Վիեննա կատարած հենց այդ այցելության ժամանակ է Ավստրիայի արտգործնախարարը Պուտինին հրավիրել իր հարսանիքին:
Աջակողմյա «Ազատություն» կուսակցության ներկայացուցիչ Կնայսլը կողմ է ռուս-ավստրիական կապերի ամրապնդմանը:
«Վաշինգտոն փոստ»-ը նշում է, որ սա եզակի դեպքերից է, երբ Պուտինը ընդունում է մասնավոր իրադարձությանը մասնակցելու օտարերկրյա պաշտոնյայի հրավերը:
Ավստրիական մամուլը գրում է, որ արտգործնախարարի և գործարարի պսակադրությունը տեղի է ունենալու շաբաթ օրը՝ երկրի հարավում գտնվող գինեգործական տնտեսություններից մեկում: