Պաշտոնական Մինսկը կրկին հայտարարում է Եվրասիական տնտեսական միությունում առկա խնդիրներին մասին՝ կոչ անելով կազմակերպության անդամ դաշնակիցներին անկեղծորեն գնահատել ստեղծված իրավիճակն ու եթե պետք է՝ նվազեցնել ինտեգրացիոն հավակնությունների մակարդակը:
«Մենք պետք է համարժեք պատասխան տանք հարցին՝ արդյո՞ք կարող ենք, ի վերջո, հասնել մեր իսկ կողմից հայտարարված նպատակներին ու դաշինքի առջև դրված խնդիրներին, թե՞, այդուամենայնիվ, պետք է ընդունենք, որ առկա դժվարություններն անհաղթահարելի են, չափավորենք մեր հավակնություններն ու իջեցնենք ինտեգրացիոն գործընթացների նշաձողը», - երեկ Մինսկում հայտարարել է Բելառուսի առաջին փոխվարչապետ Վասիլի Մատյուշևսկին՝ ԵՏՄ հետագա զարգացմանը նվիրված համաժողովում:
Քննադատություններ է հնչեցրել նաև Բելառուսի Էկոնոմիկայի փոխնախարար Դմիտրի Կրուտոյը:
«Ցավոք, վերջին տարին ցույց տվեց, որ նոր խոչընդոտները միության տարածքում ավելանում են ավելի արագ, քան մենք հասցնում ենք հները վերացնել, և դա իսկապես խնդիր է», - ասել է Դմիտրի Կրուտոյը:
Օրեր առաջ՝ անցած շաբաթավերջին էլ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն էր կոշտ խոսել Եվրասիական միության տարածքում ստեղծված անհավասար պայմաններից՝ էլ ավելի կոշտ քննադատելով ռազմավարական դաշնակից Ռուսաստանին:
Ելույթ ունենալով գյուղատնտեսական կոմբայններ ու այլ տեխնիկական միջոցներ արտադրող Гомсельмаш ընկերությունում՝ Լուկաշենկոն հորդորել էր բանվորներին մի քանի տարի դիմանալ, քանի դեռ «ռուսները սուբսիդավորում ու աջակցում են իրենց արտադրողին և՝ դրանով իսկ խախտում Եվրասիական միության պայմանավորվածությունները»:
«Ռուսները բարբարոսի պես են իրենց պահում մեր հանդեպ, ես դա հրապարակային եմ ասում: Նրանք մեջ առջև պահանջներ են դնում, ասես, մենք նրանց վասալներն ենք Եվրասիական տնտեսական միության շրջանակներում, ուր իրենք են մեզ հրավիրել, սակայն իրենց ստանձնած պարտավորությունները չեն կատարում, և ոչ մրցակցային պայմաններ են ստեղծում դաշնակիցների համար», - հայտարարել է Բելառուսի նախագահը:
Փորձագետները, սակայն, նշում են, որ անհավասար մրցակցությունից առավել Բելառուսի իշխանություններին հիմա այլ հարց է մտահոգում: Արդեն երկրորդ շաբաթն է՝ ռուսական լրատվամիջոցները հաղորդում են, թե Կրեմլը հնարավոր է՝ հրաժարվի Բելառուսին էժան՝ առանց մաքսատուրքերի գազ ու նավթ մատակարարելուց՝ սեփական տնտեսությունում ի հայտ եկած խնդիրների պատճառով:
Երեկ Բելառուսի առաջին փոխվարչապետ Վասիլի Մատյուշևսկին հրապարակավ ընդունել է, որ այս հարցի շուրջ բանակցություններ են ընթանում և հույս հայտնելով, որ մոտ ապագայում կկարողանան Կրեմլի հետ համաձայնության հասնել: