Մատչելիության հղումներ

Քոչարյանին վերաբերող քրեական գործի իրավական կողմերը չպետք է բերել քաղաքական դաշտ. Վահե Էնֆիաջյան


«Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյան, արխիվ

Ազգային ժողովում մեծությամբ երկրորդ խմբակցությունն ունեցող «Բարգավաճ Հայաստան»-ում համոզված են՝ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին վերաբերող քրեական գործի իրավական կողմերը չպետք է բերել քաղաքական դաշտ:

«Մեր կուսակցության ներկայացուցիչներով մենք արդեն առիթ ունեցել ենք ասելու, որ խնդիրը պետք է տեսնել իրավական հարթությունում, և այն խնդիրները, որոնք որ իրավական հարթությունում են, պետք չէ բերել քաղաքական դաշտ։ Այնուամենայնիվ Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այլ հնարավորություններ կունենա հրապարակային իր կարծիքը, դիրքորոշումը հայտնելու և խոսքի ազատության մասով տարբեր կազմակերպություններ, քաղաքական թիմերի ներկայացուցիչներ կարող են իրենց պիկետներն, ակցիաները կազմակերպել և իրենց դիրքորոշումը հայտնել», - ասաց «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը։

Հարցին, թե Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակումն ավելի շատ քաղաքակա՞ն որոշում էր, թե՞՝ իրավական՝ հաշվի առնելով նաև այն, որ դատավորն աշխատել է Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմում, Էնֆիաջյանը պատասխանեց. - «Տեսեք, գործի մանրամասներին ես ծանոթ չեմ, և երբ ես ինքս կծանոթանամ, մեր կուսակցության, խմբակցության փորձագետները մանրամասն կուսումնասիրեն, նոր մեզ կարող ենք թույլ տալ՝ թիմի հետ էլ քննարկելով, արդեն դիրքորոշում հայտնել։ Այս պահի դրությամբ ես պետք է վերահաստատեմ և ասեմ՝ մենք խնդիրը տեսել և ձևակերպել ենք հետևյալ կերպով, որ մենք տեսնում ենք իրավական դաշտում և իրավական լուծումներ են պետք։ Կրկնում եմ իրավական դաշտի խնդիրները պետք չէ բերել քաղաքական դաշտ»։

Դիտարկմանը, թե ՀՅ Դաշնակցությունը հայտարարեց, որ քաղաքական հետապնդում կա այստեղ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավորն այսպես արձագանքեց. - «Այլ քաղաքական ուժերի իրավունքն է, և մենք հարգանքով ենք վերաբերվում յուրաքանչյուր կարծիքի և դիրքորոշման։ Մենք ներկայացնում ենք մեր քաղաքական թիմը և ներկայացնում ենք մեր դիրքորոշումը»։

Ճշտող հարցին, թե ԲՀԿ-ում չե՞ն կարծում, որ Քոչարյանը քաղաքական հետապնդման է ենթարկվում, Էնֆիաջյանը պատասխանեց. - «Չենք պատրաստվում այլ մեկնաբանություններ և գնահատականներ տալ, մենք ներկայացնում ենք մեր դիրքորոշումը»։

Հայաստանի երկրորդ նախագահը 2008 թվականի «Մարտի 1-ի» քրեական գործով մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ: Հուլիսի 27-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրել կալանավորումը: Նախկին նախագահը, նրա շահերի պաշտպանները, նաև որոշ քաղաքական գործիչներ, պնդում են, որ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում:

Վերաքննիչ դատարանը երկուշաբթի օրը վերացրեց առաջին ատյանի դատարանի որոշումը և Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG