Մատչելիության հղումներ

Դոնալդ Թրամփը ստորագրեց հաջորդ տարվա ռազմական բյուջեի նախագիծը


Նախօրեին Միացյալ Նահանգների նախագահը ստորագրեց հաջորդ տարվա ռազմական բյուջեի նախագիծը, որով վարչակազմը ավելացնում է Պենտագոնին տրամադրվող միջոցները՝ դրանք հասցնելով 716 միլիարդ դոլարի:

«Մենք կամրապնդենք մեր ռազմական հզորությունն ավելի, քան երբևէ: Ամերիկան կունենա ավելի շատ զինվոր, ավելի մարտունակ բանակ՝ առավել արդիական զինատեսակներով», - փաստաթուղթը ստորագրելուց հետո հայտարարեց Սպիտակ տան ղեկավարը՝ դիմելով ամերիկացի զինվորներին: - «Արդեն հաստատված է, որ հաջորդ տարի մենք 716 միլիարդ դոլար կտրամադրենք ձեզ համար աշխարհում գոյություն ունեցող լավագույն ինքնաթիռները, նավերը, հրասայլերն ու հրթիռները գնելու համար»:

Այս միջոցները Միացյալ Նահանգները կծախսի ո՛չ միայն սեփական անվտանգությունն ամրապնդելու վրա. փաստաթուղթը ռազմական աջակցություն է նախատեսում նաև Ուկրաինայի և Վրաստանի համար: Ըստ այդմ, նշվում է, որ Ուկրաինան հաջորդ տարի Նահանգներից կստանա 250 միլիոն դոլարի ռազմական աջակցություն, որից հիսուն միլիոն դոլարը՝ մահաբեր զենքերի տեսքով: Վրաստանի դեպքում հստակ գումարի չափ չի նշվում, սակայն փաստաթուղթն ընդգծում է, որ ակտիվանալու է ռազմական համագործակցությունը Թբիլիսիի հետ, համատեղ զորավարժություններն էլ դառնալու են առավել ինտեսնիվ:

Վրաստանի արտգործնախարար Դավիդ Զալկալիանիի խոսքով, ի տարբերություն նախորդ տարիների, այս տարվա ռազմական բյուջեի նախագծում Վրաստանին առավել ընդարձակ տեղ է հատկացված՝ որպես Միացյալ Նահանգների ռազմավարական դաշնակից:

«Վրաստանը դիտարկվում է Եվրոպայի տարածաշրջանային անվտանգության համատեքստում, սակայն, առավել կարևոր է, որ Միացյալ Նահանգները ամրապնդում է Վրաստանի պաշտպանունակությունը և անվտանգությունը և Վրաստանը դասում Նահանգների ազգային շահերի շարքում: Նշվում է նաև, որ համատեղ զորավարժությունները դառնալու են առավել հաճախակի թե՛ Սև ծովում, թե՛ ցամաքում: Ընդ որում, Վրաստանի մասին հիշատակվում է փաստաղթղթի այն բաժնում, որտեղ խոսվում է ռուսական ագրեսիան զսպելու մասին»:

Փաստաթղթում բաց տեքստով նշվում է, որ Պենտագոնի ղեկավարը, պետքարտուղարը և Եվրոպայում ՆԱՏՕ-ի Միացյալ ուժերի գերագույն հրամանատարը պետք է ռազմավարություն մշակեն և իրականացնեն՝ ռուսական հնարավոր ագրեսիայի վտանգի առջև կանգնած դաշնակիցների, այդ թվում՝ Վրաստանի ու Ուկրաինայի անվտանգությունն ամրապնդելու համար:

«Վրաստանի Ատլանտյան խորհուրդ» կազմակերպության փոխնախագահ Բաթու Քութելիան փաստում է՝ Արևմուտքը վերջապես սկսել է ըմբռնել ռուսական ագրեսիայի հնարավոր մասշտաբները․ - «Տասը տարի շարունակ՝ 2007 թվականից սկսած, մենք մեր գործընկերներին՝ ՆԱՏՕ-ի, Եվրամիության դաշնակիցներին զգուշացնում էինք, որ Ռուսաստանը գնալու է առավել ագրեսիվ քայլերի: Այն ժամանակ քչերն էին հավատում, որ օգոստոսյան պատերազմի նման բան կարող է լինել, և իրականում 10 տարի պահանջվեց, որ եվրոպական համայնքը, անդրատլանտյան համայնքը հավատար, որ Ռուսաստանը քաղաքակիրթ աշխարհին սպառնացող հիմնական վտանգն է, ինչի մասին ՆԱՏՕ-ն հայտարարություն ընդունեց 2016- թվականի իր գագաթնաժողովում»:

Նահանգների հաջորդ տարվա ռազմական ծախսերի մասին փաստաթուղթը ընդգծում է, որ Վաշինգտոնը շարունակելու է ամրապնդել Եվրոպայի իր դաշնակիցների մարտունակությունը՝ ռուսական ագրեսիային դիմակայելու համար: Նշվում է նաև, որ Վաշինգտոնը շարունակելու է աջակցել Վրաստանին և Ուկարինային՝ ՆԱՏՕ-ի անդամակցության հարցում:

Ի դեպ, փաստաթուղթը անվանակոչվել է ի պատիվ ամերիկյան Սենատի սպառազինությունների ու զինված ուժերի հանձնաժողովի ղեկավար Ջոն ՄքՔեյնի, ով հայտնի է Ռուսաստանի ու նախագահ Պուտինի հասեցին կոշտ քննադատությամբ և բազմիզս է հանդես է եկել Վրաստանի և Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու, հետխորհրդային այդ երկրներին ՆԱՏՕ-ի լիիրավ անդամ դարձնելու հայտարարություններով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG