Մատչելիության հղումներ

Շանթ Հարությունյանը դատախազությունից պահանջում է բողոքարկել իր նկատմամբ կայացված «ապօրինի վճիռը»


Շանթ Հարությունյանը դատարանում, արխիվ
Շանթ Հարությունյանը դատարանում, արխիվ

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները երեկ այցելել են «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվող Շանթ Հարությունյանին: Ըստ գրասենյակի տարածած հաղորդագրության՝ Շանթ Հարությունյանն իր ազատ արձակման հետ կապված հարցեր է ներկայացրել։ Լուծման հնարավոր տարբերակները պաշտպանի աշխատակազմում ուսումնասիրվում են։

Մինչ այդ, 2013 թվականին «Արժեքների հեղափոխություն» նախաձեռնած և 6 տարվա ազատազրկման դատապարտված Շանթ Հարությունյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը հայտնում է իր պաշտպանյալի տեսակետը: Ըստ այդմ՝ Հարությունյանը համարում է, որ իրեն դատապարտելով՝ դատարանն ապօրինի որոշում է կայացրել և ակնկալում է, որ նոր իշխանության օրոք դատախազությունը պետք է բողոքարկի դատարանի վճիռը:

«Շանթ Հարությունյանը գտնում է, որ թավշյա հեղափոխությունից հետո դատախազությունը պետք է ներկայացնի բողոք, բողոքարկվի այդ անօրինական դատական ակտը, քանի որ այն կայացվել է այն ժամանակվա իշխանությունների հորդորով, և Շանթ Հարությունյանի մասով պետք է կայացվի արդարացման դատական ակտ»,- «Ազատությանն» ասաց Ինեսսա Պետրոսյանը։

2013 թվականի նոյեմբերի 5-ին «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանն ու նրա ընկերները Երևանի Ազատության հրապարակից «անոնիմուսների երթ» էին սկսել, որը Մաշտոցի պողոտայում վերաճեց ոստիկանների հետ բախումների։ Շանթ Հարությունյանն ու նրա ընկերները ձերբակալվեցին և խուլիգանության հոդվածով դատապարտվեցին ազատազրկման։

«Նոյեմբերի 5-ի» գործով դատապարտվեց 14 մարդ։ Մինչ այժմ անազատության մեջ է միայն Շանթ Հարությունյանը: Հարությունյանի որդին, Շահեն Հարությունյանը, նշում է՝ բազմաթիվ իրավապաշտպան կազմակերպությունների գնահատմամբ՝ իր հայրը քաղբանտարկյալ է, սակայն իշխանությունը նրան ազատ արձակելու համարձակություն չունի: Ըստ Շահեն Հարությունյանի, հակառուսական կողմնորոշմամբ իր հորն արդարացնելու վճիռը կարող է խնդիրներ ստեղծել Հայաստանի իշխանությունների համար:

«Այո, Նիկոլ Փաշինյանը բարոյական շատ որակներով տարբերվում է Սերժ Սարգսյանից, այո, Նիկոլ Փաշինյանն, ի տաբերություն Սերժ Սարգսյանի, ունի բարոյական նկարագիր, այո՛, նա կցանկանար Շանթ Հարությունյանին ազատ արձակել, քանի որ, ի վերջո, նրանք միասին պայքարի որոշակի ուղի են անցել, իսկ մարտիմեկյան իրադարձությունների օրը հարթակում մնացել են Նիկոլ Փաշինյանն ու Շանթ Հարությունյանը, բոլորը գնացած են եղել։ Ինչու՞ չպետք է ցանկանար ազատ արձակել: Բայց նա պատասխանատու է ոչ միայն իր խղճի առաջ, պատասխանատու է ոչ միայն կառավարության ու ժողովրդի առաջ, այլև պատասխանատու է Ռուսաստանի առաջ»,- ասաց Շահեն Հարությունյանը։

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը համամիտ չէ Շահեն Հարությունյանի հետ: Ասում է՝ Հայաստանի նոր իշխանություններն իրենց գործելաոճով նման ենթադրությունների հիմք չեն տվել: «Մենք նաև չենք տեսել, որ իշխանությունները հպատակ են, ինչպես նախկին իշխանությունները, որոնք հպատակ էին: Իրոք, ստրկության աստիճանի հպատակ էին Ռուսաստանին, ռուսական իշխանություններին։ Չեմ կարծում, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը այդպիսի տրամադրություններ ունի, որ չի կարող Շանթ Հարությունյանին ազատել»,- ասում է իրավապաշտպանը։

Միաժամանակ, Ալեքսանյանը Շանթ Հարությունյանի գործը հանիրավի մոռացված է որակում: Կարծում է՝ պատճառներից մեկն էլ այն է, որ «Արժեքների հեղափոխություն» նախաձեռնած Հարությունյանն իրեն ազատ արձակելու հարցն ինչպես հարկն է չի հանրայնացրել: «Շանթ Հարությունյանը դասական քաղբանտարկյալ է և նա պետք է ազատ արձակվի։ Ես իրոք կհորդորեի իշխանություններին, կառավարությանը, Նիկոլ Փաշինյանին, որ ընդունեին՝ անուշադիր են գտնվել Շանթի նկատմամբ»,- շարունակում է Ժաննա Ալեքսանյանը։

«Ցեղակրոն» կուսակցության ղեկավարի որդու պնդմամբ՝ անազատության մեջ գտնվելով՝ Շանթ Հարությունյանը չի կարողանում իրացնել քաղաքական գործընթացներին մասնակցելու իր սահմանադրական իրավունքը: Հարությունյանի փաստաբանն ասում է՝ բողոքարկման իրավունք նաև իրենք ունեն, սակայն չեն ցանկանում օգտվել դրանից: Հարությունյանի պահանջն է, որ հենց դատախազությունը բողոքարկի «դատարանի ապօրինի վճիռը»:

Դատախազությունից որևէ պաշտոնական արձագանք հարցի վերաբերյալ չկա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG