Մատչելիության հղումներ

Թուրքիան պատասխան պատժամիջոցներ է սահմանել ԱՄՆ-ի նկատմամբ


Արխիվ
Արխիվ

Պաշտոնական Անկարան ևս պատժամիջոցների է դիմում՝ ի պատասխան թուրք-ամերիկյան լարվածության ֆոնին Վաշինգտոնի ձեռնարկած քայլերի: Թուրքիայի նախագահ Էրդողանի որոշմամբ՝ վերանայվել է ԱՄՆ-ից ներմուծվող ավելի քանի 22 անուն ապրանքների մաքսատուրքը: Ըստ այդմ՝ ամերիկյան ուղևորատար մեքենաների ներկրման մաքսատուրքը կբարձրացվի 120 տոկոսով, ոգելից խմիչքներինը՝ 140 տոկոսով, ծխախոտինը՝ 60 տոկոսով:

Բարձրացվել են նաև կոսմետիկ միջոցների, բրնձի ու քարածխի մաքսադրույքները: Այս մասին համապատասխան հրամանագիրն արդեն հրապարակվել է պաշտոնական տեղեկագրում, ինչը նշանակում է, որ այն արդեն ուժի մեջ է մտել:

Թուրքիայի փոխնախագահ Ֆուադ Օքթայը «Թվիթերում» գրել է, որ սա Անկարայի պատասխանն է ԱՄՆ-ի վարչակազմի կողմից Թուրքիայի տնտեսության դեմ սկսված գրոհին: Թուրքիայի առևտրի նախարար Ռուհսար Փեքջանի խոսքով, ԱՄՆ-ն Թուրքիայի կարևոր առևտրային գործընկերն է, սակայն միակը չէ, Անկարան այլընտրանքային շուկա էլ ունի: Նա նշել է, որ ամերիկյան ապրանքների մաքսատուրքերը բարձրացվել են ընդհանուր առմամբ՝ շուրջ 533 մլն դոլարի չափով:

Նախօրեին էլ Էրդողանը հայտարարել էր ամերիկյան արտադրության էլեկտրոնիկան բոյկոտելու մասին: Նա նշել էր, որ ԱՄՆ-ը տնտեսությունը որպես զենք է օգտագործում Թուրքիայի դեմ, սակայն իրենք չեն ընկրկելու ու ամեն ինչ անելու են ավելի հզորանալու համար: Նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը այսօր հայտնել է, որ կտրուկ արժեզրկված թուրքական ազգային արժույթը կայունացնելու և տնտեսական ճգնաժամի ռիսկերը նվազեցնելու ուղղությամբ արվող քայլերն արդեն արդյունք են տալիս:

Անցած շաբաթավերջին Վաշինգտոնը բարձրացրել էր Թուրքիայից ներմուծվող մետաղի և ալյումինի մաքսադրույքները, իսկ ավելի վաղ պատժամիջոցներ էր սահմանել Թուրքիայի արդարադատության և ներքին գործերի նախարարների հանդեպ:

ՆԱՏՕ-ի երկու դաշանակիցների հարաբերությունները սրվել են ամերիկացի բողոքական հոգևորական Էնդրյու Բրանսոնին ազատազրկելու՝ թուրքական իշխանությունների որոշման պատճառով: Անկարան պաստորին մեղադրում է ահաբեկչությանն աջակցելու մեջ, մինչդեռ ԱՄՆ-ն անհիմն ու կեղծ է որակում այդ մեղադրանքներն ու պահանջում նրան անհապաղ ազատ արձակել:

Էրդողանի վարչակազմը, սակայն, հաստատակամորեն պնդում է ամերիկացի հոգևորականին ներկայացված մեղադրանքն ու Վաշինգտոնին կոչ անում չմիջամտել իր արդարադատության համակարգի գործերին: «Ամերիկյան իշխանությունները պետք է հարգեն տարվող իրավական գործընթացը և դադարեցնեն ճնշումների միջոցով ներազդելու փորձերը: Այդ պարագայում թուրք-ամերիկյան հարաբերությունները կկարգավորվեն»,- հայտարարել է նախագահի խոսնակ Քալընը:

Ի դեպ, այսօր հայտնի դարձավ, որ թուրքական, դատարանը կրկին մերժել է ամերիկացի պաստորին կալաքնից ազատելու միջնորդությունը: Ըստ թուրքական լրատվամիջոցների, հայցը կարող է քննարկվել ավելի բարձր ատյանում:

Ուշագրավ է, որ Թուրքիայում կոալիցիոն կառավարության մաս կազմող «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելին այսօր հայտարարել է․ «Եթե ԱՄՆ-ն համաձայնի Անկարային արտահանձնել Փենսիլվանիայում գտնվող ահաբեկիչ Ֆեթուլլահ Գյուլենին, ապա կարող ենք քննարկել պաստորին ազատելու հարցը: Երկու կողմն էլ կստանա այն, ինչ ուզում է»:

Չնայած թուրքական մամուլը վերջին շաբաթներին լուրեր էր տարածել 2016-ի հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձի մեջ մեղադրվող իսլամական գործիչ Գյուլենին ամերիկացի պաստոր Բրանսոնի հետ փոխանակելու՝ Անկարայի մտադրության մասին, սակայն փորձագետներն այդ սցենարը քիչ հավանական են համարում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG