Մատչելիության հղումներ

Առողջապահության նախարարությունում առկա ռումբի մասին ահազանգը կեղծ էր, ահազանգողի ինքնությունը պարզվել է


Կառավարության երրորդ մասնաշենքը, 15-օգոստոսի, 2018 թ․

Այսօր կեսօրին մոտ 911 ծառայություն է զանգահարել է մի քաղաքացի և հայտնել, որ պատրաստվում է պայթեցնել առողջապահության նախարարության շենքը։ Ինչպես հաղորդում են արտակարգ իրավիճակների նախարարությունից՝ ահազանգից հետո դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարներն ու ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խմբերը։

Կառավարության երրորդ մասնաշենք են ժամանել նաև ոստիկաններ և շտապօգնության մեքենաներ, կատարվել է շենքից աշխատակիցների տարհանում։ Համապատասխան աշխատանքներից հետո, սակայն, վտանգավոր ոչինչ չի հայտնաբերվել՝ «Ազատության» հետ զրույցում հայտնեց ոստիկանության պահպանության գնդի հրամանատար Սուրեն Խուդոյանը։ Վերջինիս խոսքով՝ ահազանգը կեղծ էր:

Կառավարության երրորդ մասնաշենքում տեղակայված նախարարությունների ու պետական այլ հիմնարկների աշխատակիցներից, սակայն, ոչ բոլորն են շտապել դուրս գալ, երբ իմացել են շենքում ռումբի առկայության ահազանգի մասին, ասում է սոցապ փոխնախարար Զարուհի Բաթոյանը։ Ըստ նրա՝ խուճապ չկար, պետական հիմնարկների աշխատակիցներն այնքան էլ լուրջ չեն վերաբերվում նման լուրերին։

Երբ պարզ դարձավ, որ ահազանգը կեղծ էր, պետական հիմնարկները վերադարձան իրենց բնականոն աշխատանքին։ Աշխատակիցներից եզակիները միայն ցանկացան խոսել տեղի ունեցածի մասին: Շատերը խուսափում էին տեսախցիկից։ Դեպքի որոշ մանրամասներ «Ազատությանը» ներկայացրեց բնապահպանության նախարարության ֆինանասական վարչության պետ Մարտին Մարգարյանը․ «Տեղեկացրին, որ շենքում ռումբ կա, հիմա տեսնում ենք՝ արդեն նորմալ է, հետ ենք գալիս: Չգիտեմ ով է զանգել, մեզ մեր ընդհանուր բաժնից են զանգահարել ու տեղեկացրել»:

Ոստիկանության լրատվության վարչությունից «Ազատությանը» փոխանցեցեին, որ արդեն պարզել են ահազանգողի ինքնությունն ու այս պահին կատարվում է քննություն։ Թե ով է եղել զանգահարող անձը և ինչ նպատակով է հայտարարել, թե ցանկանում է պայթեցնել առողջապահության նախարարության շենքը, այդ մասին իրավապահները դեռ մանրամասներ չեն հաղորդում, խոստանալով տեղեկություններ տրամադրել առաջիկայում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG