2016 թվականին Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը գրավելու մեջ մեղադրվող՝ «Սասնա ծռեր» խմբի առանցքային անդամ Պավլիկ Մանուկյանն այսօր դատարան չէր բերվել՝ առողջական վիճակի վատթարացման պատճառով։ Դատավոր Մեսրոպ Մակյանն ընթերցեց դատապարտյալների հիվանդանոցից ստացված նամակը, որում թվարկված էին Մանուկյանի առողջական խնդիրները։
Մանուկյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանն ասաց, որ այսօր է տեսակցել նրան, հաստատելով, որ Մանուկյանն իսկապես խիստ վատառողջ է։ Քանի որ Մանուկյանը ներկա չէր, բացակայում էին նաև այլ ամբաստանյալներ, դատավորը որոշեց հետաձգել նիստը։
Պավլիկ Մանուկյանի փաստաբաններից Արա Շահբազյանն «Ազատության» հետ զրույցում ասաց՝ Մանուկյանի առողջական վիճակը ծանր է, նա արդեն երկու տարի գտնվում է դատապարտյալների հիվանդանոցում, քանի որ գնդի տարածքի գրավման ժամանակ ստացել էր ոտքի հրազենային վիրավորում։ Շահբազյանն ասաց նաև, որ անցած տարիներին մի քանի վիրահատության ենթարկված Մանուկյանի ոտքը մասնագիտացված բուժման կարիք ունի, ինչը դատապարտյալների հիվանդանոցում հնարավոր չէ ապահովել։
Շահբազյանի խոսքով՝ իրենք հույս ունեին, որ դատարանն ազատ կարձակի Մանուկյանին, բայց վերջինիս հայտնի հայտարարությունից հետո դատարանն անցած շաբաթ մերժեց նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը։
Պավլիկ Մանուկյանը հուլիսի 18-ի դատական նիստում աղմկահարույց հայտարարություններ էր հնչեցրել՝ պնդելով, որ Ոստիկանության ՊՊԾ գնդում ձեռքից վիրավորված, ապա հիվանդանոցում մահացած ոստիկանի վրա կրակել է ոչ թե սպանության մեջ մեղադրվող Արմեն Բիլյանը, այլ խմբի մեկ ուրիշ անդամ, ներկայումս ազատության մեջ գտնվող Էդվարդ Գրիգորյանը։ Մանուկյանը նաև ասել էր, թե գնդի տարածքում գտնվող բանկոմատը կոտրել է ոչ թե Արմեն Բիլյանը, այլ ներկայումս նույնպես ազատության մեջ գտնվող Մխիթար Ավետիսյանը։ Վերջինս, ի դեպ, Պավլիկ Մանուկյանի կնոջ եղբայրն է։
«Սասնա ծռեր» խմբի մեկ այլ առանցքային անդամ Վարուժան Ավետիսյանը երկու անգամ արդեն հայտարարել է՝ Պավլիկ Մանուկյանի հայտարարարությունները համաձայնեցված չեն խմբի հետ։ Մանուկյանը, սակայն, անցած դատական նիստին այս հարցերի շուրջ ցուցմունք տալով՝ կրկին վերահստատեց իր ասածը, պատճառաբանելով, որ նախկինում լռել է, քանի որ անիմաստ էր նախկին իշխանություններից արդարադատություն ակնկալելը։ Նրա փաստաբանի կարծիքով՝ քննությունը կպարզի Մանուկյանի հայտարարությունների հանգամանքները:
Թավշյա հեղափոխությունից հետո կալանքից ազատ են արձակվել երկու տարի առաջ ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը գրաված զինված խմբի 23 անդամներ, նաև 4 անձ, ովքեր մեղադրվում են խմբին օժանդակելու մեջ: Կալանքի տակ են շարունակում մնալ «Սասնա ծռեր» խմբի առանցքային անդամներ Վարուժան Ավետիսյանը, Պավլիկ Մանուկյանը, Արայիկ Խանդոյանը և ոստիկանների սպանության մեջ մեղադրվող Սմբատ Բարսեղյանն ու Արմեն Բիլյանը: