Օգոստոսի 15-ից Թուրքիան բարձրացնում է ամերիկյան մի շարք ապրանքների ներմուծման մաքսադրույքները:
Համապատասխան հրամանագիրը ստորագրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը:
Հրամանագիրն այսօր տպագրվել է պաշտոնական տեղեկագրում, ինչը նշանակում է, որ այն ուժի մեջ է մտել:
Բարձրացվել են ամերիկյան ոգելից խմիչքների, մարդատար ավտոմեքենաների, թութունի, բրնձի, քարածուխի և դիմահարդարման պարագաների ներմուծման մաքսադրույքները:
Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը Թվիթերի իր էջում գրել է, որ Անկարայի որոշումը պատասխան է ԱՄՆ-ի վարչակազմի կողմից թուրքական տնտեսության վրա գրոհին:
Օգոստոսի 10-ին ԱՄՆ-ն բարձրացրել էր Թուրքիայից ներմուծվող մետաղի և ալյումինի մաքսադրույքները, իսկ ավելի վաղ պատժամիջոցներ էին սահմանվել Թուրքիայի արդարադատության և ներքին գործերի նախարարների հանդեպ: Վաշինգտոնի քայլերը պայմանավորված են Թուրքիայում ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնին ազատազրկելու հետ: