Մաքրություն կյանքի գնով. Ադրբեջանը հավաքարարների մահվան թվի վիճակագրությամբ գերազանցում է Ռուանդային, որտեղ այդ գործով զբաղվող կանայք ստիպված են գիշերներն աշխատել ակտիվ երթևեկելի փողոցներում:
Ադրբեջանում, պարզվում է, ամենավտանգավոր մասնագիտությունը ոչ թե լրագրողի, զինվորականի, կամ ոստիկանի մասնագիտությունն է, ինչպես ընդունված է կարծել, այլ հավաքարարի՝ փողոց մաքրող հավաքարարի։
Այստեղ գրեթե յուրաքանչյուր ամիս ավտովթարի հետևանքով առնվազն մեկ հավաքարար է սպանվում, գրում է ադրբեջանական «Թուրան» գործակալությունը՝ նշելով, որ վերջին միջադեպը տեղի է ունեցել անցյալ կիրակի։ Սպանված հավաքարարուհու մարմինը գտել են Բաքվի Մեմադ Աջեմի մետրոյի կայարանի մոտակայքում։
«Զոհերի թիվը աճում է, սակայն ո՞վ է մեղավոր, հարցի պատասխանը շարունակում է օդում կախված մնալ», - գրում է լրատվամիջոցը՝ հավելելով, որ Ադրբեջանում հույս ունեին, որ փողոցների մաքրությամբ զբաղվող անձանց տրամադրված հատուկ լուսարձակող համազգեստը կարող էր կանխել դժբախտ պատահարները, բայց՝ ոչ։ Վարորդները շարունակում են չնկատել փողոց մաքրող կանանց։
Աղբյուրը նշում է, որ Հարավային կովկասի ամենազարգացած քաղաքներից մեկը համարվող, իրեն եվրոպական քաղաքների հետ համեմատող Բաքվում առ այսօր փողոցներ կամ անգամ արագընթաց մայրուղիներ են մաքրում ցախավելով՝ հիմնականում տարեց կանայ գիշերային ժամերին՝ նվազագույն աշխատավարձով։
Ադրբեջանում մեծ աղմուկ բարձրացրած վերջին մահվան ելքով միջադեպից հետո երկրի իշխանությունները շտապեցին հայտարարել, որ քայլեր են ձեռնարկում՝ Բաքվի փողոցների մաքրությունն ավտոմատացնելու ուղղությամբ, մասնավորապես, նախագահ Իլհամ Ալիևի հրամանագրով՝ առաջիկայում մայրաքաղաքի աղբահանությունը լինելու է մեխանիկացված և հավաքարարի համար այն վտանգ չի ներկայացնի։
Ադրբեջանի պաշտոնական աղբյուրների փոխանցմամբ, ծրագրի իրագործման համար ներգրավել են եվրոպացի առաջատար մասնագետներ, որոնք առաջիկա օրերին ներկայացնելու են իրենց առաջարկները՝ Բաքվում աղբահանությամբ զբաղվող տարեց կանանց հատուկ մեքենաներով փոխարինելու վերաբերյալ։
«Իհարկե մարդու դերն այդ աշխատանքի ընթացքում պահպանվում է, սակայն այն պետք է նվազագույնի հասցվի: Բանվորի մահը ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում ողբերգություն է և այն անընդունելի է», - Ադրբեջանի կառավարության հայտարարությունն է մեջբերում «Թուրան» գործակալությունը