Մատչելիության հղումներ

Քոչարյանի ազատմամբ՝ արդարադատության հանդեպ մեր հույսը մարեց ․ «Մարտի 1»-ի զոհերի հարազատներ


Սարգիս Քլոյան և Էդիկ Հարությունյան, 14-ը օգոստոսի, 2018 թ․

«Մարտի 1»-ի 10 զոհերից Սամվել Հարությունյանի ծնողներն այլևս հույս չունեն, որ մարտիմեկյան արյունալի իրադարձություններն ի վերջո կբացահայտվեն։ Հայրը՝ Էդիկ Հարությունյանն «Ազատության» հետ զրույցում ասաց՝ մինչև երեկ կարծում էին, թե այս գործը հնարավոր է բացահայտվի, սակայն երեկ, լսելով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու լուրը, վերջնականապես հույսերը մարեցին.

«Այսօրվա իշխանությունները Քոչարյանին բաց թողնելով՝ մեր երեխեքի արյան վրայով քայլել են։ Եթե վերևինին բռնում, բաց են թողնում, ներքևինին, բնականաբար, չեն հասնելու»,- ասում է Էդիկ Հարությունյանը, շարունակելով․ «Ինչ-որ պատգամավորներ կամ փաստաբաններ եթե մտածում են, որ Ռոբերտ Քոչարյանը մեղք չունի, բա էս 10 զոհերը որտեղի՞ց են: Ինչքան էլ վիրավորներ կան, ինչքան ճակատագրեր են կործանվել, երեխաներ են որբացել, դրանց պատասխանը ո՞վ պիտի տա»։

Նա պնդում է՝ 10 զոհերի համար պատասխանատվությունը պետք է կրի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․ «Անձամբ մեղավոր է Քոչարյանը, նա է հրաման տվել անզեն մարդկանց վրա կրակելու։ Տեսանյութերում պարզ երևում է, թե ինչպես են ելել մարդաորսի, տվել ենք այդքան զոհեր, այդքան վիրավորներ։ Մեղավորները ազգի դավաճաններ են, և նրանց սպասում են ցմահի խուցերը»։

10 տարի անց էլ Էդիկ Հարությունյանը հրավիրվում է հարցաքննությունների։ Պատմում է՝ հրազենային ծանր վիրավորում ստացած իր որդուն հիվանդանոց են տեղափոխել, բժիշկներն ասել են, թե վիճակը բարելավվում է, սակայն հենց հիվանդանոցում էլ «որդուն սպանել են»։

«Մոր աչքի դիմացից ամսի 11-ին վերցրել տարել են, իբր թե ստուգում են թոքերը։ Ինչ-որ բան են ներարկել, հետ բերել։ Այդ օրը երեք հոգի է մահացել։ Մեկը ոստիկան էր, երկուսը՝ իմ որդին և Տիգրան Աբգարյանը մահացել են տարբեր հիվանդանոցներում: Սպանել են բառի բուն իմաստով։ Ես դա ասել եմ հատուկ քննչականում։ Մեկ ամիս է անցել, սայլը տեղից չի շարժվել, ի՞նչն է պատճառը»,- շարունակում է Էդիկ Հարությունյանը:

Զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանն էլ ասում է՝ Քոչարյանի ազատման լուրը լսելուն պես անակնկալի են եկել, սակայն ինքը դեռ հույսը չի կորցնում: «Շոկի մեջ էինք։ Մեր հիմնական ասելիքը՝ անմիջապես ձերբակալեն Ռոբերտ Քոչարյանին, ի՞նչ հեռանալ, նա պիտի ձերբակալվի։ Ցմահ բանտարկվի։ Նիկոլ Փաշինյանը պետք է հրաման տա, որ ձերբակալեն մարդասպանին»,- ասում է Սարգիս Քլոյանը։

Երկուշաբթի օրը վերաքննիչը վերացրեց առաջին ատյանի դատարանի որոշումը և բավարարեց Քոչարյանի պաշտպանների ներկայացրած՝ խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունը:

Քոչարյանը 2008 թվականի «մարտի 1-ի» քրեական գործով մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ: Հուլիսի 27-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրել կալանավորումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG