Մատչելիության հղումներ

Այսօրվա միջադեպը եկավ հաստատելու մտավախությունը, որ նոր իշխանությունները չեն հանդուրժում այլախոհությունը․ Քոչարյանի գրասենյակ


Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյան, արխիվ

Իրավապաշտպանների պնդմամբ՝  իշխանությունները որևէ կերպ չեն խոչընդոտել Քոչարյանի ազատ արտահայտվելու իրավունքը:

Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսի տապալումը, վերջինիս գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի գնահատմամբ՝ «իշխանության կողմից արված ճարահատյալ ու կոպիտ մի փորձ էր՝ խոչընդոտելու քաղաքական ընդդիմախոսների ազատ արտահայտվելու և հանրության հետ լրատվամիջոցների օգնությամբ շփվելու հնարավորությունը»:

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակն այսօր հայտարարություն է տարածել, որում պնդվում է, թե տեղի ունեցածը «ոչ այլ ինչ է, քան այլախոհության բիրտ ճնշում, կամ ինչպես վերջերս ասել էր հայտնի քաղաքական գործիչներից մեկը` մտքի տեռոր»:

Ըստ փաստաթղթի, ակնկալվում էր, որ ասուլիսի ընթացքում պետք է արվեին կարևոր քաղաքական հայտարարություններ և տրվեին բազմաթիվ հարցերի պատասխաններ: «Սակայն մի խումբ մարդիկ, ովքեր հանրությանը քաջածանոթ են որպես մերձիշխանական ակտիվիստներ և Նիկոլ Փաշինյանի մտերիմներ ու զինակիցներ, խանգարեցին դրա անցկացմանը և տեսախցիկների առաջ էժանագին բեմականացում խաղարկեցին` ներկայանալով որպես «զայրացած ժողովուրդ»», - նաև ասված է երկրորդ նախագահի գրասենյակի տարածած հայտարարության մեջ:

Դրա հեղինակաները նաև նշում են․ «Պարզ է, որ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, այսպես թե այնպես, նոր ասուլիսի կամ հարցազրույցի միջոցով կհրապարակի իր տեսակետները քաղաքական ամենաարդիական հարցերի վերաբերյալ: Այսօրվա միջադեպը հաստատում է մտավախությունները, որ նոր իշխանությունները չեն հանդուրժում այլախոհությունը և ունակ են քաղաքական հետապնդումներ իրականացնել ընդդիմախոսների նկատմամբ, հատկապես նրանց, ում քաղաքական կշիռն ու հեռանկարները իրենց համար լուրջ անհանգստությունների առիթ են հանդիսանում»:

17 օր անազատության մեջ անցկացնելուց և Վերաքննիչ քրեական դատարանի երեկվա որոշմամբ ազատ արձակվելուց հետո Ռոբերտ Քոչարյանն այսօր «Էրեբունի-Պլազա» բիզնես-կենտրոնում մամուլի ասուլիս էր հրավիրել: Մինչ ասուլիսի մեկնարկը, սակայն, մի քանի տասնյակ ցուցարարներ ներխուժեցին դահլիճ և տապալեցին նախատեսված միջոցառման անցկացումը:

Այսօր ավելի վաղ երկրորդ նախագահի փաստաբաններից Հայկ Ալումյանը, անդրադառնալով Հատուկ քննչական ծառայության՝ նախօրեին տարածած հաղորդագրությանն այն մասին, թե Վերաքննիչ քրեական դատարանը դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից ու ապօրինի որոշում կայացրել, պնդեց՝ ցավալի է, որ այդ պետական մարմինն իրեն իրավունք է վերապահում նման գնահատական հնչեցնել: Ապա Ալումյանը հավելեց՝ Հատուկ քննչական ծառայությունը լավ չի պատկերացնում իր ասած արտահայտության իմաստը և իր սեփական լիազորությունների շրջանակը: «Ոչ մի պետական մարմին այդպիսի իրավունք չունի: Ինքը կարող էր ասել հետևյալը՝ մենք համաձայն չենք դատարանի որոշման հետ, այն համարում ենք թերի, պատրաստվում ենք բողոքարկել: Բայց պետական որևէ մարմին չունի դատարանի որոշումը պետության անունից անվանել ապօրինի»,- նաև ասաց Ալումյանը:

Սա ընդվզում էր, ինքնաբուխ ակցիա՝ Վերաքննիչ քրեական դատարանի որոշման դեմ: «Ազատության» հետ զրույցում նման կարծիք հայտնեց իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, պնդելով՝ այդ գործողությունների մեջ պետք չէ տեսնել որևէ քաղաքական ենթատեքստ: «Կարծում եմ, որ շատ հզոր ակցիա էր, որ Քոչարյանը չկարողացավ իր սեփական հյուրանոցում խոսել: Սա պատասխանն էր նրա ազատ արձակման՝ երեկվա որոշմանը, և կարծում եմ, որ այսօրվա ակցիան ավելի հզոր էր, քան երեկվա որոշումը: Սա ուղղակի ընդվզում էր Քոչարյանի դեմ, քաղաքական միտում ես չեմ տեսել»,- ասաց Ալեքսանյանը:

Իրավապաշտպաներն ավելորդ են համարում մեկնաբանել երկրորդ նախագահի գրասենյակի այն պնդումը, թե նոր իշխանությունները քաղաքական հետապնդումներ են իրականացնում ընդդիմախոսների նկատմամբ: Ավելին՝ իրավապաշտպան Արթուր Սաքունցը Ռոբերտ Քոչարյանին հիշեցնում է իր իշխանավարման տարիներին տեղի ունեցած իրադարձությունները: «Պարոն Սողոմոնյանն ակնհայտորեն սա խառնում է Ռոբերտ Քոչարյանի օրոք քաղաքական ընդդիմադիրների նկատմամբ խայտառակ ճնշումների, ապօրինի քրեական հետապնդումների, զինված ուժերը խաղաղ ցուցարարների դեմ օգտագործելու, ապօրինի արտակարգ ռեժիմ մտցնելու այդ բոլոր գործողությունների հետ»,- ասաց Սաքունցը:

Նրա պնդմամբ՝ իշխանությունները որևէ կերպ չեն խոչընդոտել Քոչարյանի ազատ արտահայտվելու իրավունքը: «Այո, իրավապահները պետք է ապահովեին մամլո ասուլիսի անխափան ընթացքը, բայց դա ամենևին կապված չէ իշխանության կողմից գիտակցված խափանող գործողությունների հետ»,- ասաց իրավապաշտպանը:

Վերաքննիչ դատարանն անցած շաբաթավերջին դռնփակ նիստում երկու օր շարունակ քննում էր Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու հարցը: Քննվում էր երկու միջնորդություն․ դրանցից մեկն առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանելու և նախկին նախագահին ազատ արձակելու պահանջին էր վերաբերում, մյուսը վերջերս գործին միացած փաստաբան Հայկ Ալումյանի միջնորդությունն էր՝ կալանքը գրավով փոխարինելու մասին:

Երկուշաբթի օրը վերաքննիչը վերացրեց առաջին ատյանի դատարանի որոշումը և բավարարեց Քոչարյանի պաշտպանների ներկայացրած՝ խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունը:

Քոչարյանը 2008 թվականի «մարտի 1-ի» քրեական գործով մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ: Հուլիսի 27-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրել կալանավորումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG