Լոնդոնի ոստիկանությունը ձերբակալել է մի տղամարդու, ով մեքենայով մխրճվել է Մեծ Բրիտանիայի խորհրդարանի մոտ տեղադրված անվտանգության արգելապատնեշը և վնասվածքներ հասցրել մի խումբ հետիոտների:
Նրանցից առնվազն երկուը տեղափոխվել է հիվանդանոց: Բժիշկների փոխանցմամբ, տուժողների կյանքին վտանգ չի սպառնում:
Կասկածյալին ներկայացրել են «ահաբեկչության փորձ» կատարելու մեղադրանք:
«Տղամարդ վարորդը տեղում ձերբակալվել է»,- Թվիթերի էջում գրել է Լոնդոնի ոստիկանության խոսնակը:
Դեպի բրիտանական խորհրդարանի շենք տանող Վեստմինստերի կամրջին լրացուցիչ արգելապատնեշներ են տեղադրվել այն բանից հետո, երբ անցյալ տարվա մարտին ահաբեկիչ Խալիդ Մասուդն իր վարած մեքենան միտումնավոր ուղղել է կամրջին կանգնած մարդկանց վրա՝ սպանելով նրանցից 4-ին: