Մատչելիության հղումներ

Ֆեյսբուքը կհեռարձակի Լա Լիգայի խաղերը


Լա Լիգայի անցած մրցաշրջանի չեմպիոն FC Barcelona-ի ավագ Անդրես Ինյեստան բարձրացնում է գավաթը, Բարսելոնա, 20 մայիսի, 2018թ.
Լա Լիգայի անցած մրցաշրջանի չեմպիոն FC Barcelona-ի ավագ Անդրես Ինյեստան բարձրացնում է գավաթը, Բարսելոնա, 20 մայիսի, 2018թ.

Իսպանական ֆուտբոլի ազգային առաջնության բարձրագույն խումբը՝ Լա Լիգան, Ֆեյսբուք սոցիալական ցանցի հետ կնքել է պայմանագիր, ըստ որի Աֆղանստանի, Պակիստանի և Հնդկական ենթամայրցամաքի բնակիչները կկարողանան սոցցանցով անվճար դիտել երեք մրցաշրջանների բոլող հանդիպումները:

Առաջին հանդիպումը կհեռարձակվի օգոստոսի 17-ին: Ենթադրվում է, որ Հնդկական ենթամայրցամաքում սոցցանցով Լա Լիգայի խաղերը կդիտի մոտ 350 միլիոն մարդ:

Սոցիալական ցանցերը և տեղեկատվական տեխնոլոգիաների առաջատար ընկերությունները վերջին շրջանում սկսել են մեծ ուշադրություն հատկացնել մարզական իրադարձություններին, հաշվի առնելով համացանցով ուղիղ հեռարձակման օրըստօրե զարգացող և կատարելագործվող հնարավորությունները:

Ֆեյսբուքն արդեն հեռարձակում է ԱՄՆ-ում բեյսբոլի մրցաշրջանը, մեկ խաղի ցուցադրման համար օգտատերից գանձելով 1 դոլար:

Ֆեյսբուքի համաշխարհային մարզական հեռարձակումների բաժնի տնօրեն Փիթեր Հաթոնն ասել է, որ առայժմ Լա Լիգայի խաղերը կհեռարձակվեն առանց գովազդային ընդմիջումների, իսկ հետագայում սոցցանցը կմշակի եկամուտ ապահովելու մեխանիզմներ:

Այդպիսով Ֆեյսբուքն առաջ է անցել Սոնի ընկերությունից, որը ժամանակին 32 միլիոն դոլար է վճարել Լա Լիգայի 2014-18 թվականների խաղերը հեռարձակելու համար: Լա Լիգայի և Ֆեյսբուքի գործարքի գինը չի հրապարակվում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG