Մատչելիության հղումներ

Ազատան համայնքը կարկուտից մեծ վնասներ է կրել


Արխիվ
Արխիվ

Օգոստոսի 8-ի երեկոյան Շիրակի մարզի Ազատան համայնքում տեղացած ուժեղ կարկուտը զգալի վնաս է հասցրել կարտոֆիլի ցանքատարածություններին, բնակելի տներին:

Տիկին Դոլարեսը հավաքել ու սառնարանում պահել էր տեղացած կարկուտի հատիկները, որ չհավատացողներին ցույց տա, թե ինչ մեծության են եղել: Ասում է՝ 70 տարեկան է, սակայն նման կարկուտ երբեք չի տեսել։ Ազատանի համայնքապետ Վարդան Իկիլիկյանն էլ ասում է, որ նույնիսկ մարդիկ են տուժել կարկուտից:

Գյուղապետը մեզ ուղեկցեց դաշտեր: Չորացած ցեխի մեջ դեռ պահպանվել էին տեղացած կարկուտի խոշոր հատիկների հետքերը: Կարտոֆիլի ցանքատարածությունները գրեթե համատարած վնասվել են: «Թե որքան է կազմում հասցված նյութական վնասը, դեռ հաշվառում են, մոտ 50 տոկոս բերքի անկում է սպասվում»,- ասում է գյուղապետը։ Ի դեպ, նա ևս վարկ է վերցրել, կարտոֆիլ մշակել, իր ցանքատարածությունները ևս տուժել են:

Ազատանցի ֆերմեր Նելսոն Մկրտչյանն էլ է այս տարի բանկից վարկ վերցրել ու կարտոֆիլ մշակել: Լավ բերք էր սպասում, սակայն, ասում է՝ կարկուտը «գրեթե 80 տոկոսով վնասել է բերքը»:

Ազատանցիները դժգոհում են՝ մարզային իշխանություններից․ ոչ ոք չի եկել ու չի հետաքրքրվել, թե ինչ վնասներ են կրել: Ասում են, թե գյուղացուն մենակ են թողել: Նելսոն Մկրտչյանի սպասելիքը վարչապետից է: Հարցին՝ Ազատանում կան հակակարկտային կայաններ, մի՞թե դրանք չեն կարողացել կարկատաբեր ամպերը ցրել, նա պատասխանեց. «Մեր կայանները 100 տոկոսանոց չեն ու նման ամպերի դեմ պայքարելու ի վիճակի չեն։ Դրա համար անհրաժեշտ է, որ մարզում ունենանք ռադիոլոկացիոն կայան, որը չունենք: Հարկավոր է նաև, որ այդ ներդրումը կատարեն ու հակակարկտային կայանների քանակը վերջապես ավելացնեն»:

Առաջիկա չորեքշաբթի օրը գյուղատանտեսության նախարար Արթուր Խաչատրյանը կայցելի Ազատան։ Այս մասին «Ազատությանը» տեղեկացրեց նախարարը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG