Մատչելիության հղումներ

ԱՄՆ գործադիրը և օրենսդիրը տարբեր մոտեցումներ ունեն Մոսկվայի հարցում


Ռուսական ռուբլին վերջին օրերին անկում է գրանցում, Մոսկվա, 8-ը օգոստոսի, 2018 թ.
Ռուսական ռուբլին վերջին օրերին անկում է գրանցում, Մոսկվա, 8-ը օգոստոսի, 2018 թ.

Արևմուտքի վերլուծաբանները նշում են, որ Միացյալ Նահանգների գործադիր իշխանության ղեկավարը՝ նախագահը, և օրենսդիրները՝ Ներկայացուցիչների տունն ու Սենատը, Մոսկվայի հարցում իրականացնում են միմյանցից տարբերվող քաղաքականություն:

«Մարշալի հիմնադրամ» ամերիկյան վերլուծական հաստատության փորձագետ Մարթին Քենսեզը Liberation ֆրանսիական պարբերականին ասել է, որ Թրամփը փորձում է բարելավել ԱՄՆ-ի և Ռուսաստանի հարաբերությունները, մինչդեռ Կոնգրեսը նոր պատժամիջոցներ է ծրագրում:

«Ըստ էության, Ռուսաստանի վերաբերյալ կա երկու քաղաքականություն: Մեկն իրականացնում են նախագահն ու նրա խորհրդականները, ովքեր Վլադիմիր Պուտինին ցանկանում են տեսնել բարեկամի դերում, մյուսն առաջ է տանում Կոնգրեսը, որը Թրամփի նախագահության առաջին իսկ շրջանից շատ ավելի կոշտ գիծ է ընտրել»,- ասել է Մարթին Քենսեզը:

Նրա համոզմամբ, օրենսդիրներն արդեն ընդունել են որոշումներ, որոնք ենթադրում են պատժամիջոցների խստացում: Ընդ որում, Կոնգրեսը, որտեղ նախագահի կուսակից հանրապետականներն ունեն մեծամասնություն՝ ցանկանալով ապահովագրել այդ գծի անշեղելիությունը, կայացրել է որոշում, ըստ որի՝ նախագահը չի կարող միակողմանիորեն փոխել ստատուս-քվոն այնպիսի նուրբ հարցերում, ինչպիսին, օրինակ, Ուկրաինայի հակամարտությունն է:

Փորձագետի խոսքով՝ Սկրիպալների թունավորման հետ կապված որոշումները միայն ընդգծում են այդ երկու իրարամերժ մոտեցումների առկայությունը:

«Մեր հաստատության հետ զրույցներում Սպիտակ տան մի խորհրդական խոստովանել է, որ Կոնգրեսը, փաստորեն, փորձում է տապալել Թրամփի քաղաքականությունը Մոսկվայի նկատմամբ: Այդ պատժամիջոցներով Կոնգրեսն, առաջին հայացքից, իր համերաշխությունն է հայտնում Մեծ Բրիտանիային, որտեղ թունավորել են հայր և դուստր Սկրիպալներին, բայց երկարատև հեռանկարի առումով, ամերիկացի օրենսդիրները ռուսներին նկատել են տալիս, որ նմանօրինակ ագրեսիվ գործողություններն անընդունելի են ինչպես Եվրոպայում, այնպես էլ Հյուսիսային Ամերիկայում, և դրանց համար Մոսկվան կդատապարտվի ու կպատժվի»,- ասել է Քենսեզը:

Միաժամանակ, վերլուծաբանը նշում է, որ Թրամփին բնավ պետք չէ համարել «պուտինասեր»: Նա արդեն հնչեցրել է մի քանի թեպետ խորհրդանշական, բայց ազդեցիկ հայտարարություններ, օրինակ, Ռուսաստանից Գերմանիա նոր գազատար անցկացնելու, կամ ամերիկյան միջուկային սպառազինության ծրագրի մասին, որոնք իրականացվելու դեպքում ռուսների համար կունենան չափազանց ծանր հետևանքներ:

«Թրամփը կարող է հետաձգել պատժամիջոցները, բայց չեղարկել այն, ինչ ընդունել է Կոնգրեսը, չի կարող: Ենթադրում եմ, որ Կոնգրեսը հետևելու է Թրամփի և նրա վարչակազմի քայլերին և կպարտադրի, որ պատժամիջոցներն իրագործվեն»,- ասել է «Մարշալի հիմնադրամ» ամերիկյան վերլուծական հաստատության փորձագետ Քենզեսը:

Իսկ The New York Times-ի փոխանցմամբ, միջազգային համայնքի քննադատությունը և դատապարտող հայտարարությունները Պուտինի համար որևէ նշանակություն չունեն, և նա կսթափվի միայն այն դեպքում, երբ կհամոզվի, որ պատժամիջոցները գործում են, ու դրանց ծանր հետևանքներն անխուսափելի են:

«Ռուսները պետք է տեսնեն, որ պատժամիջոցների մեղմացումը կամ չեղարկումը կախված է հենց իրենցից, այլ ոչ թե Սպիտակ տան ներկայիս ղեկավարից կամ Եվրոպայի լիդերներից»,- ասվում է New York Times-ի խմբագրականում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG