Կառավարությունը չպետք է միայնակ թողնի գյուղացիներին այս աղետի հետևանքների մեղմման գործում։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը՝ տեղեկացնելով, որ երեկ այցելել է Արմավիրի մարզի Բամբակաշատ, Մրգաշատ, Ալաշկերտ և այլ համայնքներ, որտեղ երկու օր առաջ կարկուտն ու փոթորիկը մեծ վնասներ էին հասցրել բերքին և ենթակառուցվածքներին։
«Վաղվանից կսկսվեն վնասի գնահատման աշխատանքները, որից հետո կառավարությունը կքննարկի գյուղացիական տնտեսություններին հնարավոր աջակցության չափը։ Միաժամանակ անհրաժեշտ են համակարգային լուծումներ, և մենք հետևողականորեն աշխատելու ենք, որ արդեն հաջորդ տարի ունենանք գյուղացիական տնտեսությունների ապահովագրության համակարգ, գործուն հակակարկտային կայաններ, տարածում գտնեն հակակարկտային ցանցերը», - գրել է Միրզոյանը։