Մատչելիության հղումներ

«Թող հաղթի արդարությունը»․ Մալիշկայի բնակիչները՝ գյուղապետի դեմ հարուցված գործի մասին


Վայոց ձորի մարզի Մալիշկա գյուղը, օգոստոս, 2018թ․

Մալիշկայի գյուղապետ Մհեր Մովսիսյանի դեմ քրեական գործ է հարուցվել անցած խորհրդարանական ընտրություններին բնակչությանը ընտրակաշառք բաժանելու մեղադրանքով։ Գյուղում այդ մասին բարձրաձայն գրեթե չեն խոսում, բայց չեն էլ հերքում․

«Ոնց ասեմ, կամ ասեմ, որ․․․ մի խոսքով, մենք տելեվիզրով ենք մենակ լսել նման բաներ»․․․

«Ասում են՝ 29 միլիոն փող ա կերել միանգամից, էդ չգիտեմ՝ ինչ տարբերակով ա կերել, բայց ասում է ժողովուրդը: Ընտրակաշառքները միլիոն ա վերցրել մի հարուստից, բերել ա բաժանել ա ժողովրդի մեջ»․․․

«Եթե ապացուցված ա, ճիշտ ա տվյալները՝ էս ինչ որ ասում են, թող հաղթի արդարությունը»․․․

«Մենակ հո մեր գյուղապետի դեմ չեն հարուցել, երևի ամեն գյուղի գյուղապետերի, բոլոր տեղերում գտնում են հմի»․․․

Ըստ մեղադրանքի՝ գյուղապետը Հանրապետականի օգտին ձայներ ապահովելու նպատակով ԱԺ պատգամավորի թեկնածուից ստացել է 13 միլիոն դրամ, որը որպես ընտրակաշառք բաժանել է Մալիշկա համայնքի բնակիչներին` 10-հազարական դրամ մեկ ձայնի դիմաց: Ապահովելով շուրջ 800 ձայն, ըստ նախնական պայմանավորվածության, ԱԺ պատգամավորի նույն թեկնածուին վերադարձրել է 500 ձայնի դիմաց հաշվարկված 5 միլիոն դրամ գումարը: Գյուղացիները գնահատում են գյուղապետի այդչափ ազնվությունը, սակայն այլ չարաշահումներ էլ են մատնանշում․

«Սա էն արածների մեջի էն փոքրիկ մասն ա, էլի»․․․

«Ես չեմ հասկանում՝ մեր գյուղին էդքան փող ո՞վ ա տալի, որ էդքան էլ չարաշահում է: Էդ ա ցավը»․․․

Պարզվել է նաև, որ Մհեր Մովսիսյանը երկու որդիներին և կնոջը ձևակերպել է Մալիշկայի համայնքապետարանի ենթակայության տակ գտնվող մարզադպրոցում՝ որպես մարզիչներ և բուժքույր, սակայն նրանք փաստացի չեն հաճախում աշխատանքի և ամսական ստանում են ընդհանուր 800 հազարից 900 հազար դրամ:

«Ազատության» այցի ժամանակ մարզադպրոցում միայն գյուղապետի որդին էր։ Երիտասարդը, սակայն, ամեն կերպ խուսափեց հարուցված քրեական գործի վերաբերյալ հարցերին պատասխանելուց։

Մարզադպրոցի կողքին գյուղի մշակույթի կենտրոնն էր, որտեղ երեխաները պարի դասեր են ստանում անմխիթարական պայմաններում։ Գյուղը սոցիալական խնդիրների պակաս չունի։ Գյուղապետի 10 տարվա աշխատանքն էլ բնակիչները գնահատում են՝ համեմատելով գյուղի ճանապարհների հետ․ - «Տեսնում եք, էլի, փողոցները տեսնում եք: Դե հա, էդ ձևի էլ աշխատել ա, ինչ տարբերություն: Տեսել եք, չէ՞, մեքենայով եք, ի՞նչ ձևի լատոկներ ա ընկել»:

Մհեր Մովսիսյանը չցանկացավ մեկնաբանել իր դեմ առաջադրված մեղադրանքները։ Միայն ասաց՝ իրավապահներն իրենց գործը կանեն։

«Ազատության» «Գյուղամեջ» հաղորդաշարի՝ Մալիշկային նվիրված թողարկումը կարող եք դիտել այստեղ․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG