Մատչելիության հղումներ

Շիրակի երկրագիտական թանգարանի շենքի վերանորոգման համար դրամահավաք է կազմակերպվում


Շիրակի երկրագիտական թանգարանին հատկացված շենքը
Շիրակի երկրագիտական թանգարանին հատկացված շենքը

Պետական գույքի կառավարման կոմիտեն Գյումրիի Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոցի նախկին շենքը, որը մի քանի տարի դատարկ էր ու քայքայվում էր, անհատույց օգտագործման հանձնեց Շիրակի երկրագիտական թանգարանին: Շենքի հարցը լուծվեց, այս պահին խնդիրը հիմնանորոգման համար պահանջվող գումարն է:

Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն ասաց՝ նախարարությունն այս պահին միջոցներ չունի, որ տրամադրի շենքի վերանորոգման համար: Առաջին փուլում իրենց անհրաժեշտ է 50 միլիոն դրամ, որի հայթայթման համար դրամահավաք է կազմակերպվելու:

«Չնայած որ մշակույթի նախարարությունը այս պահին չունի միջոցներ՝ տրամադրելու համար վերանորոգման հետ կապված, մենք հայտարարել ենք սեպտեմբեր ամսին դրամահավաքի մեկնարկ, որով նախնական, այսպես ասած՝ առաջին մասի գումարի համար, առաջին մասի ներդրումների համար անհրաժեշտ է լինելու 50 միլիոն դրամ՝ նախնական հաշվարկով, և այդ առումով կկազմակերպվի դրամահավաքը այն հաշվին, որը կլինի հենց ՊՈԱԿ-ի հաշվին բացված հաշվեհամարով: Եվ կիրականացվեն աշխատանքները», - ասաց նախարարը:

Դրամահավաքին առաջինն արձագանքել է գյումրեցի աշխարհահռչակ ջազ դաշնակահար Տիգրան Համասյանը: «Առաջարկ ենք ստացել պարոն Տիգրան Համասյանից, ինչից բոլորս շատ հուզվել և շատ լավ ենք զգացել մեզ, որ պարոն Համասյանը առաջարկել է իր առաջին համերգի հասույթը նվիրել հենց Երկրագիտական թանգարանի վերանորոգման գումարին և դրամահավաքին մասնակցել: Իհարկե կաշխատենք նաև այլ ուղղություններով և հենց մեկնարկը լինի՝ կոչ կանենք մեր բոլոր հայրենակիցներին, այդ թվում և գյումրեցիներին, ովքեր ապրում են թե՛ Հայաստանում և թե՛ Հայաստանից դուրս, և բոլոր մեր նվիրյալ հայերին՝ միանալ դրամահավաքին ու մասնակցել վերանորոգման աշխատանքներին», - նշեց Մակունցը՝ հավելելով․ - «Ոչինչ չունեմ ասելու, որ հեշտ գործ չի լինելու, բայց կանենք»:

Դրամահավաքին զուգահեռ նաև կկազմակերպվի Շիրակի երկրագիտական թանգարանի բացառիկ նմուշների օնլայն ցուցադրություն, որպեսզի հանգանակություն կատարողները տեսնեն, թե ինչ նպատակի են ծառայելու իրենց հատկացրած գումարները:

Շենքը բավականին մեծ է, կարծիքներ կային, որ այն միայն Երկրագիտական թանգարանին տրամադրելը սխալ է: Այդ կարծիքն է ունեցել նաև Գյումրիի քաղաքապետը: Մշակույթի նախարարն ասաց, որ այն ոչ միայն ծառայելու է որպես Երկրագիտական թանգարան, այլև լինելու է բազմաֆունկցիոնալ կենտրոն:

«Բանակցությունների արդյունքում, կարծում եմ, մեզ կհաջողվի համաձայնել, որ այս շենքը, որը նաև ավելի մեծ է, կկարողանա ծառայել որպես պատկերասրահ՝ որոշ հատվածը, որովհետև Գյումրին չունի պատկերասրահ: Կարծում եմ՝ այն կտավները, այն նմուշները, որոնք այսօր ֆոնդերում են, արժե հանրահռչակել նաև Գյումրիի միջոցով», - ընդգծեց Լիլիթ Մակունցը՝ շարունակելով․ - «Ես կարծում եմ, որ տարածքը կարող է շատ կարևոր մշակութային կենտրոն ծառայել՝ բազմաֆունկցիոնալ, բազմագործառութային, և շենքի արտաքին տեսքը, շենքի տեղակայված լինելը, գյումրեցիների կողմից նրա ընկալումը շատ կարևոր են, որ ծառայի հենց մշակութային օջախ լինելու համար: Այդ առումով սա է իմ կարծիքը՝ որ այն շատ կարևոր վայր է, Գյումրիի հենց կենտրոնում, քաղաքի սրտում ունենալ մշակութային կենտրոն, որը, ինչպես արդեն հասկացանք, ծառայելու է նաև շատ ավելի գործառույթների՝ հենց մշակույթին»:

Հետագայում նաև շենքի բակի հատվածը կարող է օգտագործվել, և կարող է բացօթյա թանգարան կառուցվել: Կոնկրետ թե երբ կմեկնարկեն ու կավարտվեն Երկրագիտական թանգարանի շենքի հիմնանորոգման աշխատանքները, այս պահին հստակ ժամանակացույց չկա: Մակունցն ասաց՝ հիմա քաղաքական կամք կա լուծելու ու փրկելու Երկրագիտական թանգարանի ավելի քան 25 հազար ցուցանմուշները:

XS
SM
MD
LG