Մատչելիության հղումներ

Լոռու մարզի համայնքները այս տարի հողի հարկի և գույքահարկի ևս 93 մլն դրամ պարտք են կուտակել


Լոռու մարզկենտրոն Վանաձորի կենտրոնական՝ Հայքի հրապարակը, արխիվ

Լոռու մարզի 156 համայնքներում անցած 7 ամիսներին հողի հարկի և գույքահարկի 93 միլիոն դրամի պարտք են գրանցել, որը գումարվել է նախորդ տարիներից կուտակված և արդեն անհուսալի համարվող 1 միլիարդի հասնող պարտքին։ Ամենամեծ պարտքը Վանաձորինն է։ Միայն արդեն չգործող ու սնանկ ճանաչված «Վանաձոր-Քիմպրոմ» գործարանը 100 միլիոնի պարտք ունի։ Գործին դատարաններն էլ չեն օգնում, մարզպետարանում անցկացված խորհրդակցության ժամանակ հայտարարեց ֆինանսական վարչության հաշվապահական հաշվառման բաժնի պետ Արտավազդ Բեջանյանը։

«Կամ գործերը տրված է դատարան, կամ գտնվում են սնանկության վիճակում, այսինքն՝ նաև հանձնված է հարկադիր ու հարկադիրի միջոցով սա պիտի բռնագանձվի` երբ, սակայն, ոչ մեկը չի կարա ասի», - նշեց Բեջանյանը:

Մարզպետարանի պաշտոնյաներն արձանագրում են, որ 500 հազար դրամից ավելի պարտք ունեցող ինչպես իրավաբանական, այնպես էլ ֆիզիկական անձանց մի մեծ ցուցակ կա, որն անցած ամիս ընդամենը մեկով է նվազել։ Ընդ որում, մարզում խոշոր պարտատերերի ընդհանուր պարտքը վերջին մեկ ամսում 14 միլիոնով ավելացել է, ասաց մարզպետարանի պաշտոնյան:

«Երբ որ համեմատում ենք էս տարվա էս ամսվա և նախորդ ամսվա ցուցակները, էական տարբերություն հիմնականում չունենք: Ես, ճիշտն ասած, նայել եմ, մենակ մի հոգի է դուրս եկել՝ Բեզոյան Էդուարդ: Մնացած բոլոր հարկատուները դեռևս մնում են, դեռ նույնիսկ մի քանի նոր հարկատուներ ավելացել են ցանկի մեջ», - ընդգծեց Արտավազդ Բեջանյանը:

Լոռու փոխմարզպետ Անդրեյ Ղուկասյանը պատասխանատու է Վանաձոր և Սպիտակ քաղաքների, ինչպես նաև Սպիտակին հարակից գյուղերի ցուցանիշների համար։ Ասում է՝ հարկերի հավաքագրումը համայնքապետերի ամենակարևոր գործառույթներից մեկն է և նրանց աշխատանքի լավագույն ցուցիչը։

«Սեփական եկամուտները թերի հավաքագրող համայնքապետի աշխատանքը վատ է գնահատվում, և նա բնականաբար կզրկվի պետության կողմից իրականացվող ծրագրերից», - ասում է փոխմարզպետը և թվարկում հարկերը թերի հավաքագրելու մի քանի հավանական պատճառներ․ - «Ուրեմն, իմ կարծիքով, առաջին հիմնական պատճառը կարող է լինել համայնքապետերի ոչ բավարար աշխատանքը այդ ուղղությամբ: Մյուսը՝ բնակիչների գուցե էն մտածողությունը, որ կարող է էդ պարտքերը զրոյացվեն կամ, ինչ-որ, ներվեն և այլն, սակայն հայտարարում եմ, որ նման բան չի լինելու, և հարկերը պետք է վճարել ժամանակին: Բացի դա, կարող եմ նաև ասել՝ այն համայնքներում, որտեղ որ կլինեն ցածր ցուցանիշներ, էդտեղ ինչ-որ ծրագրեր իրականացնելու համար՝ չեն իրականացվելու և պայմաններ չեն լինելու, հետևաբար՝ տուժելու է այդ համայնքի բնակչությունը»:

Լոռու մարզի համայնքապետերի մեծ մասը պաշտոնավարում են ավելի քան 10, անգամ արդեն 20 տարի։ Նրանցից շատերը Հանրապետական կուսակցության անդամներ են։ «Ազատության» հարցին՝ կարելի՞ է արդյոք հարկերի հավաքագրման ցածր ցուցանիշները դիտել որպես նոր կառավարության աշխատանքը տապալելու միտում Հանրապետական կուսակցության անդամ համայնքապետերի կողմից, փոխմարզպետը պատասխանեց․ - «Ճիշտ է, կան նման խոսակցություններ, սակայն կոնկրետ չեմ կարող ասել: Բայց եթե նման բան լինի, դա կդիտարկվի որպես, չգիտեմ, շատ վատ արարք, դավաճանության նման արարք, և նման երևույթները չեն ներվելու իհարկե: Եթե ինչ-որ համայնքապետ ունենա դիտավորություն և միտում, դա շատ արագ կարելի է պարզել, և դա կստանա շատ խիստ գնահական մեր կողմից»:

Տեղական հարկերի հավաքագրման ամենացածր՝ 50 տոկոսից էլ պակաս ցուցանիշ ունեցող համայնքներից մեկը Տաշիրին հարակից Մեծավան խոշորացված համայնքն է։ Համայնքապետ Սերյոժա Վարդանյանն ասում է՝ պարտատերերը հիմնականում Մեծավանին միացված փոքր համայնքների բնակիչներն են, ովքեր դեռ տարիներ առաջ համայնքներից հեռացել են՝ սեփական հողերը թողնելով անմշակ։ Տարեցտարի կուտակվել են հարկերը, ասում է համայնքապետը։

«Սեփականաշնորհումից օգտվել են ու թողել գնացել են: Հմի սրանց ոչ հասցեն կա, ոչ կարողանում ենք գտնել որտեղ է, չգիտեմ ինչ ենք անում՝ դրանց բերենք հարկային դաշտ: Չկան: Փորձում ենք դատի տանք՝ ո՞ւմ տանք դատի», - «Ազատության» հետ զրույցում ասաց Վարդանյանը:

Դեռ անցած տարի Մեծավանի համայնքապետի նկատմամբ չարաշահումների մեղադրանքով քրեական գործ է հարուցվել։ Օրերս դատախազությունը հայտարարեց, որ գործի նախաքննությունն ավարտվել է, և այն ուղարկվել է դատարան։ Մինչդեռ համայնքապետը վստահեցնում է, թե հարուցված քրեական գործը իր աշխատանքի վրա բացասաբար չի անդրադարձել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG