Մատչելիության հղումներ

«Ժառանգություն»-ը պահանջում է արդարացնել և ազատ արձակել Շանթ Հարությունյանին


Շանթ Հարությունյանը դատարանում, հունիս, 2014թ․
Շանթ Հարությունյանը դատարանում, հունիս, 2014թ․

«Ժառանգություն» կուսակցությունը պահանջում է արդարացնել և ազատ արձակել «Արժեքների հեղափոխության» գործով 6 տարվա ազատազրկման դատապարտված Շանթ Հարությունյանին:

«Ողջունելով նոր իշխանությունների՝ քաղբանտարկյալների ազատ արձակման ուղղությամբ իրականացված և իրականացվող քայլերը, «Ժառանգություն» կուսակցությունը գործադիր և դատական իշխանությունների ուշադրությունն է հրավիրում հայաստանյան և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների կողմից քաղբանտարկյալ ճանաչված Շանթ Հարությունյանի արդարացման գործի վրա», - ասված է կուսակցության հայտարարությունում:

«Ժառանգություն»-ը կոչ է անում «անհապաղ քայլեր ձեռնարկել Շանթ Հարությունյանի արդարացման և ազատ արձակման համար, քանզի նախորդ իշխանությունների կողմից նրա նկատմամբ կայացված անարդար դատավճռի չեղարկումը ևս մեկ շատ կարևոր քայլ կլինի իրավական Հայաստան կառուցելու ճանապարհին»:

2013-ի նոյեմբերի 5-ին «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանն ու նրա ընկերները «անոնիմուսների երթ» էին սկսել Երևանի Ազատության հրապարակից, որը Մաշտոցի պողոտայում վերաճեց ոստիկանների հետ բախումների։ Շանթ Հարությունյանն ու նրա ընկերները ձերբակալվեցին և դատապարտվեցին ազատազրկման։ Դատարանը ապացուցված համարեց, որ նրանք մայրաքաղաքի կենտրոնում մի խումբ անձանց հետ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ կատարել են խուլիգանություն, որի ընթացքում դիմադրություն են ցույց տվել ոստիկաններին։ «Նոյեմբերի 5»-ի գործով դատապարտվեց 14 մարդ։ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 13-ի նկատմամբ ազատազրկման որոշում կայացրեց, մեկի՝ նկատմամբ տուգանք կիրառեց։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG