Մատչելիության հղումներ

Բուխարեստում զանգվածային ցույցերի մասնակիցների և ոստիկանության բախումների հետևանքով հարյուրավոր տուժածներ կան


Ռումինիա - Ոստիկանության և ցուցարարների բախումը Բուխարեստում, 10-ը օգոստոսի, 2018թ․
Ռումինիա - Ոստիկանության և ցուցարարների բախումը Բուխարեստում, 10-ը օգոստոսի, 2018թ․

Ռումինիայի իշխանությունները հայտնում են, որ երեկ երեկոյան Բուխարեստում տեղի ունեցած հակակառավարական ցույցերը վերածվել են անկարգությունների: Ցուցարարների և ոստիկանության միջև բախումների հետևանքով 440 մարդ բժշկական օգնություն է ստացել: Բուխարեստի արտակարգ ծառայությունը այսօր հայտնել է, որ տուժածներից 65 մարդ, այդ թվում՝ 9 ոստիկան, տեղափոխվել է հիվանդանոց:

Կառավարության հրաժարականի պահանջով օգոստոսի 10-ին Բուխարեստում տասնյակ հազարավոր մարդիկ դուրս էին եկել բողոքի ցույցի: Պատճառը օրենսդրական փոփոխությունն է, որը, ըստ քննադատների, դժվարացնում է կոռուպցիոն գործերի հետաքննությունը: Բուխարեստի Հաղթանակի հրապարակում ցուցարարները բարձրացրել էին «Արդարություն, ոչ կոռուպցիա» պաստառներ:

Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննիսը քննադատել է ոստիկանության գործողությունները: «Ես խստորեն քննադատում եմ ոստիկանության կոշտ միջամտությունը, որը համարժեք չէր հրապարակում հավաքված մարդկանց մեծ մասի գործողություններին», - Ֆեյսբուքի իր էջում գրել է ձախակողմյան կառավարությանը քննադատող Ռումինիայի նախագահը:

Միաժամանակ, նա նշել է, որ մեղավոր են նաև ցուցարարների մի մասը, որոնք փորձել են ճեղքել կառավարության շենքը պաշտպանող ոստիկանների շղթան, նրանց վրա քարեր ու առարկաներ են նետել:

«Ցանկացած բռնություն անընդունելի է», - նշել է Կլաուս Յոհաննիսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG