Ազգային անվտանգության ծառայությունը դեռևս մանրամասներ չի հաղորդում, թե որ ընկերություններն են տարիներ շարունակ խոշոր չափերով յուրացումներ կատարել զինված ուժերի համար նախատեսված մատակարարումներից: ԱԱԾ-ն երեկ երեկոյան հաղորդեց, որ քրեական գործ է հարուցել:
Ըստ հաղորդագրության, պարզվել է, որ 2009-ից մինչև 2017 թվականները Հայաստանում գործող շուրջ 10 առևտրային կազմակերպություններ Պաշտպանության նախարարության հետ կնքված պայմանագրերի համաձայն պարտավորվել էին բանակին մատակարարել ավելի քան 10 միլիարդ դրամ կազմող տարատեսակ ապրանքներ և սպառազինություն։ Իրավապահները պարզել են, որ այս մատակարարող ընկերությունները առանց հիմնավոր պատճառների խախտել են պայմանագրերով սահմանված ժամկետները և մինչև հիմա չեն մատակարարել պայմանագրերում նշված ապրանքները կամ էլ մատակարարել են ցածր արժեք ունեցող, անորակ ապրանքներ։
Այդ տարիներին պաշտպանության նախարարներն էին Սեյրան Օհանյանը և Վիգեն Սարգսյանը։ Նրանց հետ կապվել չհաջողվեց։
Գործը հարուցվել է վարչապետի` կոռուպցիայի դեմ պայքարի գծով օգնական Արեն Մկրտչյանի հայտնած տվյալների և տրամադրած փաստաթղթերի հիման վրա: Տեղեկատվության աղբյուրները չնշելով՝ Մկրտչյանն ասաց, որ տևական ժամանակ իրենց ուշադրության կենտրոնում էր խնդիրը, հավաքագրում էին փաստեր, որոնք էլ փոխանցել են ԱԱԾ:
«Տարբեր ընկերություններ կան, բայց կան ընկերություններ, որոնք աչքի են զարնում՝ բավականին խոշոր ծավալներով մատակարարումներ են արել, և ես այդտեղ խնդիրներ եմ գտել», - պատմեց վարչապետի օգնականը:
Վարչապետի օգնականն անուններ չի հնչեցնում, ասաց՝ քննության ընթացքում կպարզվեն բոլոր մանրամասները․ - «Անմեղության կանխավարկած կա ամեն դեպքում, քանի դեռ դատարանի վճիռը չկա, ես կխուսափեմ անուններ տալ»:
Արեն Մկրտչյանն ասաց՝ շարունակում են ուսումնասիրությունները ու հետագայում նոր բացահայտումներ ևս կլինեն։
«Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնի» նախագահ Արտակ Մանուկյանն «Ազատության» հետ զրույցում նշեց՝ տարիներ շարունակ իրենց և գործընկերների բացահայտումներն ուղղված են եղել ռազմական գերատեսչությունում տարատեսակ ապրանքների գնումներին, բայց սպառազինության վերաբերյալ տեղեկություններ չեն կարողացել ստանալ, քանի որ դա ռազմական գաղտնիք է հանդիսացել:
«Չլիներ կառավարության քաղաքական կամքը՝ այս բացահայտումը չէր լինի», - ասում է փորձագետն, ով միաժամանակ նաև վարչապետի՝ հասարակական հիմունքներով խորհրդականն է։ Մանուկյանը ուշադրություն է հրավիրում հատկապես սպառազինության մատակարարման ոլորտում թերացումներին․ - «Այս բացահայտումները և այստեղ արձանագրված անարդյունավետությունները արժեցել են զինվորի կյանք: Ակնհայտ է, որ այս բնագավառում եղել են համակարգային կոռուպցիոն շղթաներ»:
ԱԱԾ-ն հաղորդում է, որ նշանակվելու են ստուգումներ և փորձաքննություններ՝ պետությանը պատճառված վնասի ճշգրիտ չափը հաշվարկելու համար: