Մատչելիության հղումներ

Ջրաչափեր արտադրող գործարարը հայտնվել է սնանկացման եզրին, մեղադրում է մենաշնորհային դիրք ունեցող «Վեոլիա ջրին»


Արա Սանթրոսյան

Երևանում շուրջ 70 աշխատող ունեցող ջրաչափերի արտադրամասն արդեն երկու տարուց ավելի է, ինչ անգործության է մատնված: Սեփականատերը՝ Արա Սանթրոսյանը, «Ազատության» հետ զրույցում ասաց՝ տարիներ շարունակ հայաստանյան շուկայում իրենց արտադրած ջրաչափերն են շահագործվել՝ դժգոհություններ չէին ունեցել:

Սնանկացման եզրին կանգնած նախկին գործարարը պնդում է՝ բարձր դասի ջրաչափեր են արտադրում, բայց ջրային ոլորտում մենաշնորհային դիրք ունեցող «Վեոլիա ջուր» ընկերությունն այսօր իրենց դուրս է թողել շուկայից: Նեղսրտում է՝ «Վեոլիա ջուրը» ջրամատակարարումից բացի, հիմա էլ ջրաչափեր է տրամադրում բնակիչներին՝ նրանց ընտրության հնարավորություն չտալով:

Սանթրոսյանն ասաց՝ իրենց ջրաչափերն ավելի մատչելի են և համապատասխանում են «Վեոլիա ջրի» որակական չափանիշներին: Քանի որ Երևանում «Վեոլիա ջուր» ընկերությունը չի ընդունել իրենց առաջարկը, դիմել են ընկերության՝ Ֆրանսիայում գործող գլխամասային կենտրոն՝ արդեն համաշխարհային մրցույթին մասնակցելու համար: Ընդգծեց՝ իրենց հայտն այնտեղ քննարկվում է: Բայց մտահոգությունն այն է, որ Հայաստանի կառավարությունը վերանայի «Վեոլիա Ջուր» ընկերությանը խիստ արտոնյալ պայմաններով տրված պայմանագիրը:

«Եթե էսօրվա դրությամբ ֆրանսիացին սենց պայման է ստեղծել ու թելադրում, էլ ում ենք մենք պետք», - ասում է Սանթրոսյանը։

17 տարի հայաստանյան սպառողներին ջրաչափ մատակարարած գործարարի արտադրամասն այսօր էլ կարող է վերագործարկվել: Սանթրոսյանի նախնական հաշվարկներով, եթե արտադրամասը վերաբացվի, ապա մինչև 30 մարդ կարող է աշխատանքի ընդունել՝ միջինը 100 հազար դրամ աշխատավարձով: Բայց այսօր ասում է՝ բնակիչներ կան, որ վերադարձնում են իրենից գնած ջրաչափն ու ասում՝ «Վեոլիա ջուրը» իր ջրափաչերն է տրամադրում:

Անդրանիկ Սևոյանն «Ազատության» հետ զրույցում պատմեց, որ Բաբաջանյան փողոցի իրենց շենքի գրեթե բոլոր բնակարաններում ջրի հաշվիչները փոխել են: Ըստ բնակչի՝ այլընտրանքի հնարավորություն չեն տվել. պետք է օգտվեն «Վեոլիա ջրից» և վերջ։

«Վեոլիա ջրից» արձագանքում են ջրաչափերի արտադրությամբ զբաղվող Արա Սանթրոսյանի դժգոհություններին: Ընկերության մամուլի խոսնակ Մուրադ Սարգսյանն ասում է՝ «լավ գիտենք այդ ընկերությանը. դրսից դետալները բերում, էստեղ հավաքում, հետո էլ ասում են՝ տեղական ենք»: Ընդգծեց՝ նրանց ջրաչափերի որակը չի համապատասխանում իրենց պահանջներին: Ասաց՝ «մենք այդ ընկերության առջև դեպի համաշխարհային շուկա դռներ ենք բացել, թող դիմի մրցույթին. եթե արժանի է այնտեղ կընտրվի»:

Նախորդ ամիս իր ֆեյսբուքյան հարց ու պատասխաններից մեկի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր նաև «Վեոլիա ջուր» ընկերությանը, նշելով, որ անհանգստացնող է խմելու ջրի կորստի ցուցանիշը։ Վարչապետն ընդգծել էր նաև, որ պետք է լրջորեն ուսումնասիրվեն հանրության շրջանում ու մամուլում շրջանառվող կոռուպցիայի մասին տեղեկությունները: Հիշեցնելով վարչապետի այս խոսքերը՝ ջրաչափերի արտադրությամբ զբաղվող Արա Սանթրոսյանն ասաց՝ հույս ունի, որ նոր կառավարությունը կուսումնասիրի այս խնդիրն ու կստիպի «Վեոլիա ջրին» համագործակցել նաև տեղական արտադրողի հետ, ոչ թե դուրս մղել նրան շուկայից՝ կանգնեցնելով սնանկացման եզրին: Ասում է՝ հույս ունի, որ կառավարության «ոչ մենաշնորհներին» խոստումը բոլոր ոլորտներում կյանքի կկոչվի:

XS
SM
MD
LG