Մատչելիության հղումներ

«Գառնի առողջության կենտրոն»-ի նախկին պաշտոնակատարը կասկածվում է յուրացումների մեջ


«Գառնի առողջության կենտրոն»
«Գառնի առողջության կենտրոն»

«Գառնի առողջության կենտրոն»-ի տնօրենի նախկին պաշտոնակատարը կասկածվում է 2016-2017 թվականների ընթացքում 2,3 մլն դրամի բժշկական պարագաներ և սարքավորումներ յուրացնելու մեջ: Տնօրենի նորանշանակ ժամանակավոր պաշտոնակատար Քրիստինե Սարգսյանը հիվանդանոցի փաստաթղթերը ընդունելիս է հայտնաբերել դրանցում առկա անհամապատասխանությունները:

«Երբ հուլիսի 4-ից ինձ նշանակեցին ժամանակավոր պաշտոնակատար, որոշեցի, որ պիտի անեմ ընդունում, այսինքն՝ պիտի ընդունեմ այն ամենը, ինչ կա այս պահի դրությամբ: Ու այդ ժամանակ հայտնաբերվեց: Դիմել եմ իմ վերադասին, խորհրդակցել ենք մարզային իրավաբանի հետ, հետո արդեն դիմել եմ ոստիկանություն»,- պատմեց Քրիստինե Սարգսյանը:

Նրա հայտնաբերած չարաշահումների ժամանակահատվածը համընկնում է նախկին ժամանակավոր պաշտոնակատար Ալինա Հովսեփյանի պաշտոնավարման շրջանի հետ, ներքաշված է նաև տնտեսվար Արտակ Փայտյանը: Ընդ որում, բժշկական պարագաներն ու սարքավորումները, պարզվում է, նվիրատվություն են եղել․ «Հայկական մարդասիրական միության կողմից ստացված դեղորայք և բուժսարքավորումներ են ստացել, մոտ 5 միլիոնի կարգի, որից միայն դեղորայքային մասն է մտել դեղատուն և դուրս եկել օրինական, բուժպարագաներն էս պահի դրությամբ մտել են հիմնարկ, բայց դուրս չեն եկել հիմնարկից»:

Սարգսյանն ասում է՝ 11 հազար բնակչի համար նախատեսված հիվանդանոցի համար 2,3 մլն դրամը բավականին մեծ գումար է: Ու թեև արագամաշ պարագաների մասին է խոսքը, սակայն հնարավոր էր դրանք շուկայում իրացնել:

Գառնիի հիվանդանոցի տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատարի հետ կապ հաստատել չհաջողվեց: «Գառնի առողջության կենտրոն»-ը, պարզվում է՝ վերջին 3 տարում տնօրեն չի ունեցել, 3 պաշտոնակատար է փոխվել: Ինչո՞ւ այդքան երկար ժամանակ տնօրեն չի նշանակվել՝ այս հարցը փորձեցինք պարզել Կոտայքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական հարցերի վարչությունից: Այնտեղից «Ազատությանը» փոխանցեցին՝ հարցին կարող է պատասխանել վարչության պետ Վահագն Ոսկանյանը, սակայն նա այժմ գործուղմամբ Չինաստանում է գտնվում:

ԺՊ Քրիստինե Սարգսյանի տեղեկություններով՝ առաջիկայում այս կենտրոնի տնօրենի թափուր պաշտոնի համար վերջապես մրցույթ է հայտարարվելու: Մինչ այդ, Սարգսյանը ներկայացնում է հիվանդանոցում առկա խնդիրները․ «Հիվանդանոցը չունի սեփական շտապօգնության մեքենա, բայց սպասարկում է 11 հազար բնակիչ: Գիտեք, սա այնպիսի գոտի է, որտեղ տուրիստները շատ են, նաև նրանց ենք սպասարկում»:

Բժշկական այս հաստատությունը նաև նոր սարքավորումների և մասնագետների կարիք ունի: Այդ հարցով արդեն դիմել են մարզպետարան: Իսկ 2,3 մլն դրամի յուրացման գործով ոստիկանության Կոտայքի բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG