Մատչելիության հղումներ

Ամերիկյան պատժամիջոցների պատճառով երկրի տնտեսության անկման փաստն ընդունում են անգամ ՌԴ իշխանությունները


ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդև, արխիվ
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդև, արխիվ

Ռուսաստանի դեմ հայտարարված ամերիկյան նոր պատժամիջոցների ֆոնին ռուբլին շարունակում է սրընթաց անկում արձանագրել․ այսօր առավոտյան մեկ դոլարի փոխարժեքն արդեն կազմում էր 67 ռուբլի:

Նման ցուցանիշ գրանցվել էր երկու տարի առաջ: Եվ սա այն դեպքում, երբ միջազգային բորսաներում նավթի գներն աճում են: «Սա կարելի է որակել որպես Ռուսաստանի դեմ տնտեսական պատերազմ»,- այսօր հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, սպառնալով համարժեք քայլեր ձեռնարկել Միացյալ Նահանգների դեմ:

«Եթե նոր պատժամիջոցների շրջանակում արգելանք դրվի նաև բանկերի վրա կամ արգելվի այս կամ այն արժույթի օգտագործումը, դա արդեն շատ ուղղակիորեն ու բառացի կարելի կլինի որակել որպես տնտեսական պատերազմ: Եվ այդ պատերազմին անհրաժեշտ կլինի արձագանքել տնտեսական, քաղաքական, անհրաժեշտության դեպքում՝ այլ միջոցներով»,- ասել է Մեդվեդևը:

Ղրիմի բռնակցման ու ամերիկյան ընտրություններին միջամտելու համար ավելի վաղ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների սահմանումից հետո՝ երեկ ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարեց, թե նոր սահմանափակումներ է կիրառում Մոսկվայի հանդեպ, այս անգամ ռուս նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալին և նրա դստերը Բրիտանիայի տարածքում նյարդապարալիտիկ նյութով թունավորելու համար: Նոր պատժամիջոցների առաջին փուլն ուժի մեջ կմտնի օգոստոսի 22-ից:

Վաշինգտոնը, մինչդեռ, սպառնում է է՛լ ավելի կոշտ ու ցավագին քայլերի դիմել, եթե Մոսկվան թույլ չտա միջազգային փորձագետներին ստուգել՝ արդյո՞ք երկրի տարածքում քիմիական և կեսաբանական զենք կա: Ամերիկյան աղբյուրները նշում են, որ եթե Մոսկվան մերժի այդ պահանջը, Վաշինգտոնը կարող է արգելել «Աէրոֆլոտի» ինքնաթիռների չվերթները դեպի Միացյալ Նահանգներ, սահմանափակել արտահանման ու ներմուծման ծավալներն ու էլ ավելի իջեցնել դիվանագիտական հարաբերությունների մակարդակը:

Ամերիկյան վարչակազմից բացի մի խումբ սենատորներ էլ Կոնգրես են ներկայացրել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների իրենց նախագիծը, որով առաջարկվում է արգելափակել ռուսական բանկերի դոլարային հաշիվները, սահմանափակել ռուսական պարտատոմսերի հետ գործառնությունները, Ռուսաստանն էլ ճանաչել որպես «ահաբեկչության հովանավոր երկիր»: Ակնկալվում է, որ այս առաջարկները քննարկման կդրվեն աշնանը, երբ ամերիկյան օրեսդիրները վերադառնան ամառային արձակուրդից:

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևն այսօր խոստովանել է՝ ռուաստանյան տնետսության վիճակն առանց այդ էլ լավ չէ, և ավելի վաղ սահմանված պատժամիջոցների կիրառումն արդեն իսկ զգալիորեն նվազեցրել է Ռուսաստանի տնտեսական հզորությունը: «Մեր երկիրը վերջին հարյուր տարվա ընթացքում եղել է պատժամիջոցների մշտական ճնշման տակ: Ինչի՞ համար է դա արվում, որպեսզի Ռուսաստանին դուրս մղեն միջազգային դաշտում գործող հզոր մրցակիցների շարքից»,- ասել է Մեդվեդևը:

Արձագանքելով ՌԴ վարչապետի այս հայտարարություններին՝ «Յաբլոկո» կուսակցության ներկայացուցիչ Բորիս Վիշնևսկին «Էխո Մոսկվի» ռադիոկայանի իր բլոգում գրել է. «Չորս տարի առաջ ռուսաստանցի չինովնիկներն ու պատգամավորները շատ խիզախ էին և ընդհանարապես չէին վախենում պատժամիջոցներից։ Նրանք ուրախ-զվարթ պնդում էին, թե մտահոգիչ որևէ բան չկա, ու այդ պատժամիջոցներից Ռուսաստանի տնտեսութունը միայն կշահի։ Հայտնի դերասանները «Մի զվարճացրեք մեր Իսկանդերներին» գրառումներով վերնաշապիկներ էին հագնում»։

«Անցել է չորս տարի. Ռուսաստանի բնակչության իրական եկամուտները նվազել են 12 տոկոսով, գնաճը հասել է 37 տոկոսի, ռուբլին սրընթաց անկում է արձանագրում, ինչը ենթադրում է, որ գներն էլի են բարձրանալու: Հիմա ի՞նչ, ձեր Իսկանդերները դեռ ծիծաղո՞ւմ են»,- հարց է տալիս ընդդիմադիր Վիշնևսկին, ընդգծելով՝ սա այն գինն է, որ ռուսական տնտեսությունը վճարում է ռուսական քաղաքականության, Սիրիայում և Ուկրաինայում շարունակվող պատերազմի, պատժամիջոցներից տուժած Պուտինի ընկերներին բյուջեից փոխհատուցելու և երկիրը մի ամրոցի վերածելու դիմաց, որտեղ շարունակ աճում է հլու-հնազանդ զինվորականների թիվը՝ իշխանությունը ժողովրդից պաշտպանելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG