Մատչելիության հղումներ

Հայաստանի պաշտպանության նախարարը այսօր մեկնում է Մոսկվա


ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյան, արխիվ

Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը այսօր ժամանում է Մոսկվա: Նա մասնակցելու է վաղը մերձմոսկովյան Ալաբինո զորավարժարանում կայանալիք միջազգային բանակային խաղերի փակման հանդիսավոր արարողությանը և մի շարք երկկողմ հանդիպումներ է ունենալու Ռուսաստանի մայրաքաղաքում:

Սա հայաստանցի բարձրաստիճան պաշտոնյայի առաջին այցն է Մոսկվա Սերգեյ Լավրովի հայտնի հայտարարությունից հետո: Հուլիսի վերջին Ռուսաստանի արտգործնախարարը, մեկնաբանելով 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների գործով Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումն ու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանքի առաջադրումը, հայտարարել էր՝ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները հակասում են երկրի նոր ղեկավարության հայտարարություններին, թե մտադրություն չունեն հետապնդումներ իրականացնել իրենց նախորդների դեմ քաղաքական նկատառումներով:

Այս հայտարարությանը հետևել էր «Կոմերսանտ»-ում հրապարակված ծավալուն հոդվածն այն մասին, թե Մոսկվային զայրացրել են հայաստանյան զարգացումները և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի շուրջ ստեղծված իրավիճակը, և հարցականի տակ է նոր 100 միլիոն դոլարի վարկի դիմաց Հայաստանին նոր սպառազինություն տրամադրելու հարցը:

Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը, սակայն, անցած շաբաթ Հայաստանում հերքել էր այդ տեղեկությունը՝ հավելելով, որ ամեն ինչ ընթանում է ըստ նախնական պայմանավորվածության: «Դա ոչ ստույգ ինֆորմացիա է, ես դա չեմ հաստատում», - ասել էր ռուս գեներալը՝ պատասխանելով «Ազատության» հարցին: «Իսկ վարկի մասով Դուք ի՞նչ տեղեկություն ունեք», - այս հարցին էլ Ֆոմինը արձագանքել էր․ - «Ամեն ինչ աշխատում է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG