Բելառուսի քննիչները երեկ ուշ երեկոյան հայտարարել են, որ ազատ են արձակել այս շաբաթ ձերբակալված բոլոր լրագրողներին, որոնք կասկածվում են պետական «ԲելՏԱ» լրատվական գործակալության համակարգչային ցանցերը կոտրելու և ապօրինի տեղեկություններ ստանալու մեջ: Այդուհանդերձ, որոշ անկախ լրագրողներ շարունակում են անազատության մեջ մնալ:
Ազատ արձակված լրագրողներից Մարինա Զոլատավան «Ազատություն» ռադիոկայանին ասել է, որ մեկուսարանում իրեն լավ են վերաբերվել, սակայն մեղադրանք են առաջադրել պաշտոնեական անփութություն դրսևորելու մեջ, ինչը կարող է հանգեցնել հինգ տարվա ազատազրկման:
Իրավապաշտպանները պնդում են, որ այս գործը անկախ մամուլի դեմ հերթական ճնշումն է բռնապետական կառավարմամբ հայտնի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի կողմից: