Մատչելիության հղումներ

Ֆրանսիացի կինոաստղին ծեծել են Մոսկվայում


Ֆրանսիացի դերասան Սամի Նասերին Ղրիմում, հոկտեմբեր, 2017թ․
Ֆրանսիացի դերասան Սամի Նասերին Ղրիմում, հոկտեմբեր, 2017թ․

Ֆրանսիացի հայտնի դերասան, «Տաքսի» ֆիլմի գլխավոր դերակատար Սամի Նասերին ծեծի է ենթարկվել Մոսկվայի Voice կարաոկե բարում: Նրա փաստաբանը Նարեկ Կոստանյանն է:

Կոստանյանը երեկ 5-րդ ալիքին տված հարցազրույցում ասել է, որ վիճաբանությունը ծագել է դերասանի և բելառուսցիների խմբի միջև, որոնք խմած են եղել, միկրոֆոնը չեն զիջել, միայն իրենք են երգել: Հարձակվողները դերասանի դեմքին այնպես ուժեղ են խփել, որ նա վիրահատվել է Գելմգոլցի անվան աչքի հիվանդանոցում: Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 5-ի գիշերը Տվերսկայա փողոցի վրա գտնվող բարում: Նասերին եղբոր՝ Լարբիի հետ էր եկել:

Ֆրանսիացի դերասանը պահանջում է քրեական գործ հարուցել, ցանկանում է փոխհատուցում ստանալ, դատաբժշկական քննություն է նշանակվել: Նարեկ Կոստանյանը համոզված է, որ Սամի Նասերիին վիրավորողները, նրա վրա հարձակվողները ճանաչել են կինոաստղին: «Նույնիսկ հնարավոր է, որ դա է եղել շարժառիթը, որպեսզի հպարտանան, թե՝ «տեսեք ում հետ ենք կռվել, ում ենք ծեծի ենթարկել», - ասել է փաստաբանը:

Նրա փոխանցմամբ՝ հիմա դերասանի վիճակը բավարար է, սակայն նա շատ հիասթափված է, դեռ գտնվում է շոկի մեջ: «Ռուսաստանում շատ երկրպագուներ ուներ, փողոցում նրան ճանաչում էին, ստորագրություն վերցնում, լուսանկարվում հետը, իսկ նրա վրա հարձակվողները որոշել են աչքի ընկնել: Հույս ունեմ՝ նա արագ կմոռանա այս պատմությունը, ամեն դեպքում՝ Ռուսաստանում նա շատ ընկերներ ունի», - ասել է Կոստանյանը, այդ պահին հայտնելով, որ Սամի Նասերին թարգամանիչ է խնդրել:

«Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը հաղորդել է, որ ֆրանսիացի դերասանին ծեծի ենթարկելու կասկածանքով երեք մարդ է ձերբակալվել:

Սամի Նասերիի գործակալ Բրիջիտ Բելը երեկ հրաժարվել է որևէ մեկնաբանություն տալ՝ ասելով, թե ինքը Նասերիի գործակալն է Ֆրանսիայում, ոչ թե Ռուսաստանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG