Մատչելիության հղումներ

Թուրք-ամերիկյան բանակցություններում առաջընթաց չկա


Թուրքիայում կալանավորված ամերիկացի բողոքական սպասավոր Էնդրյու Բրանսոնը, Իզմիր, 25-ը հուլիսի, 2018 թ., արխիվ
Թուրքիայում կալանավորված ամերիկացի բողոքական սպասավոր Էնդրյու Բրանսոնը, Իզմիր, 25-ը հուլիսի, 2018 թ., արխիվ

Վաշինգտոնում Միացյալ Նահանգների և Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների բանակցություններում առկա վեճերի լուծում չի գրանցվել:

Փոխպետքարտուղար Ջոն Սալիվանը երեկ զրուցել է Թուրքիայի փոխարտգործնախարար Սեդաթ Օնալի հետ: Բանակցությունների առանցքային թեման Իզմիրում կալանքի տակ գտնվող ամերիկացի բողոքական հոգևորական Էնդրյու Բրանսոնի ճակատագիրն է:

Բրանսոնը մոտ 23 տարի ապրել և քարոզել է Թուրքիայում և Իզմիրի Հարության եկեղեցու սպասավորն էր: Թուրքերը նրան կալանավորել են 2016-ի հոկտեմբերին՝ լրտեսության և այդ տարվա հուլիսյան ձախողված հեղաշրջման հետ առնչություն ունենալու մեղադրանքով:

Անձամբ նախագահ Ռեջեփ Էրդողանն է մի քանի անգամ ասել, որ Բրանսոնը կարող է ազատ արձակվել և վերադառնալ հայրենիք, պայմանով, որ ամերիկացիներն արտահանձնեն Փենսիլվանիայում բնակվող մահմեդական հոգևորական Ֆեթուլահ Գյուլենին, ով, ըստ թուրքերի, 2016-ի հեղաշրջման բուն կազմակերպիչն է:

Ե՛վ բողոքական սպասավոր Բրանսենը, և՛ մահմեդական առաջնորդ Գյուլենը կտրականապես հերքում են 2016 թվականի հեղաշրջման հետ որևէ կապ ունենալու մեղադրանքը: Ամերիկացի եվանգելիստ-սպասավորի կալանքն ավելի է սրել վերջին ամիսներին ի հայտ եկած թուրք-ամերիկյան ճգնաժամը:

Նախագահ Էրդողանը հանրային ելույթներում հոխորտացել է, թե երբևէ տեղի չի տա, և ինչ էլ անի Ամերիկան՝ կասեցնի ռազմական օդանավերի վաճառքը, տնտեսական պատժամիջոցներ սահմանի՝ Անկարան, միևնույն է, կշարունակի Վաշինգտոնից պահանջել Գյուլենի արտահանձնումը: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էլ պնդել է, որ Բրանսոնն ազնիվ և անմեղ մարդ է և պետք է անհապաղ ազատ արձակվի:

Այս տարվա մայիսին Նյու Յորքի դատարանը 32 ամսվա ազատազրկման է դատապարտել Halkbank-ի (թուրքական պետական բանկ ) փոխտնօրեն Մեհմեթ Հաքան Աթիլային: Ըստ քննիչների, բանկը շրջանցել է Իրանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցները, ընդ որում, բարձրաստիճան պաշտոնյաներն, այդ թվում՝ Էրդողանը տեղյակ են եղել Halkbank-ի կազմած կեղծ փաստաթղթերի մասին: Էրդողանը պնդում է, որ Աթիլան անմեղ է և պահանջում է նրան ազատել:

Ամերիկացիներն անցյալ շաբաթ սառեցրել են Թուրքիայի արդարադատության նախարար Աբդուլհամիթ Գյուլի և ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի հաշվեհամարները, նշելով, որ այդ երկու պաշտոնյաներն ուղղակի առնչություն ունեն եվանգելիստական Բրանսոնի կալանավորման հետ:

«Դա անտրամաբանական որոշում է, մենք էլ կսառեցնենք Ամերիկայի արդարադատության և ներքին գործերի նախարարների հաշվեհամնարները, եթե կան այդպիսիք: Թուրքիային նմանօրինակ միջոցներով դաստիարակելու փորձերն անիմաստ են»,- հայտարարել է Էրդողանն «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության կանանց միության հավաքի ընթացքում:

Երկուշաբթի օրը հարցը հեռախոսով քննարկել են պետքարտուղար Մայք Փոմփեոն և Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, սակայն Բրանսոնի վերաբերյալ համաձայնության չեն եկել:

Եվ այնուամենայնիվ, արդեն սահմանված ու սպասվելիք պատժամիջոցները նկատելի ֆինանսական խուճապ են առաջացրել Թուրքիայում․ ազգային տարադրամը՝ լիրան վերջին օրերին 3 տոկոսով արժեզրկվել է, իսկ ընդհանրապես այս տարեսկզբից արժեզրկումը մոտ 30 տոկոսի է հասել:

Դա է ստիպել Անկարային պատվիրակներ ուղարկել Վաշինգտոն: Դեռ երեկվա բանակցություններից առաջ ամերիկացիներն ասել են, որ Halkbank-ի հարցին չեն անդրադառնա, քանի դեռ հոգևոր սպասավոր Բրանսոնը չի ազատվել: Երեկվա հանդիպման ընթացքում լուծումներ չեն գտնվել: Պետական դեպարտամենտի խոսնակ Հիթեր Նաուերթն ընդամենն ասել է, թե «բանակցությունները շարունակվում են»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG