Մատչելիության հղումներ

Տրանսպորտի նախարարը «Սինոհիդրո»-ին հանձնարարել է արագացնել «Հյուսիս-հարավ»-ի երկու հատվածների շինարարությունը


«Հյուսիս-հարավ»-ի արդեն կառուցված ճանապարհահատված, արխիվ

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը «Հյուսիս-հարավ ներդրումային ծրագրի» Թալին-Լանջիկ, Լանջիկ-Գյումրի (տրանշ-3) ճանապարհահատվածներում շինարարությունն իրականացնող չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերության ղեկավարության ու ինժեներական թիմի հետ հանդիպմանը խիստ դժգոհություն է հայտնել իրականացվող աշխատանքների ժամկետների վերաբերյալ։

«Խնդիրն այն է, որ պայմանավորվածություն էր ձեռք բերվել որոշակի մեթոդների փոփոխությամբ արագացնել շինարարության տեմպերը, և առաջարկը հնչել էր հենց կապալառու ընկերության կողմից։ Հանդիպման ընթացքում «Սինոհիդրո»-ի ներկայացուցիչները նշել են, որ դեռ իրականացվում են այդ առաջարկի փաստաթղթային ձևակերպման գործընթացները։ Աշոտ Հակոբյանն ընդգծել է, որ դա աշխատանքների ձգձգման արդարացում չէ, և հասարակությունն ակնկալում է տեսնել ոչ թե փաստաթղթային ձևակերպումներ, այլ իրականացվող շինարարություն», - ասված է ՏԿՏՏ նախարարության լրատվական ծառայության հաղորդագրությունում:

Նախարարը հանձնարարել է արագացնել ձևակերպումների գործընթացը։ Որոշվել է, որ առաջիկա շաբաթվա ընթացքում Հակոբյանը կմեկնի շինտեղամաս` տեղում ծանոթանալու աշխատանքների ընթացքին, ակնկալելով, որ մինչ այդ բոլոր փաստաթղթային խնդիրները լուծված կլինեն, և կատարվող աշխատանքի ծավալն ու տեմպը կկրկնապատկվի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG