Մատչելիության հղումներ

Ռուսական ֆինանսական համակարգը՝ լուրջ հարվածի սպառնալիքի տակ


Ռուսաստան - Տարադրամի փոխանակման կետ Մոսկվայում, 8-ը օգոստոսի, 2018թ․
Ռուսաստան - Տարադրամի փոխանակման կետ Մոսկվայում, 8-ը օգոստոսի, 2018թ․

Չորեքշաբթի երեկոյան ռուսաստանյան արժույթը ռեկորդային անկում է արձանագրել՝ դոլարը արժեր 65 ռուբլի, եվրոն՝ 75-ից ավելի: Այսքան քիչ ռուսական ռուբլին արժեր երկու տարի առաջ:

Փորձագետները, սակայն, համոզված են, որ ռուբլին կարող է է՛լ ավելի արժեզրկվել, եթե նավթի գները իջնեն: Մեկ բարել նավթը այսօր արժե 72 դոլարից ավելի, ինչը թույլ է տալիս ռուսաստանյան էներգետիկ ընկերություններին լրջորեն չանհանգստանալ պատժամիջոցների պատճառով:

Ռուսական ֆինանսական համակարգը, սակայն, լուրջ հարվածի տակ կարող է հայտնվել: Պատժամիջոցների մասին ամերիկյան նոր օրինագիծը ենթադրում է նաև սահմանափակումներ Ռուսաստանի պետական պարտատոմսերի համար, և արտասահմանցի ներդրողները ստիպված վաճառում են այդ ակտիվները:

Այս լուրերի ֆոնին արժեզրկվում են նաև ռուսական խոշոր բանկերի՝ «Սբերբանկ»-ի և ՎՏԲ-ի բաժնետոմսերը: «Սբերբանկ»-ի բաժնետոմսերը, մասնավորապես, երեկ արժեզրկվել են 5 տոկոսով:

«Կոմերսանտ»-ը երեկ հրապարակել էր ամերիկյան նոր պատժամիջոցների մասին օրինագծի տեքստը:

Անցած շաբաթ ԱՄՆ Կոնգրես հակառուսական պատժամիջոցների հերթական օրինագիծն է ներկայացվել, որն առաջարկում է նոր պատժամիջոցներ ռուսաստանցի քաղաքական գործիչների և խոշոր գործարարների դեմ, ինչպես նաև կոշտ սահմանափակումներ Ռուսաստանի տնտեսության համար: Խոսքը, մասնավորապես, Ռուսաստանի պետական պարտատոմսերի և էներգետիկ ոլորտում ներդրումների մասին է: Այս ֆոնին արժեզրկվել են «Յանդեքս»-ի, «Գազպրոմ»-ի, «Սիստեմա»-ի և այլ հայտնի ընկերությունների բաժնետոմսերը:

Ֆինանսական վերլուծաբանները լուրջ խնդիրներ են կանխատեսում «Սբերբանկ»-ի համար՝ պետական պարտատոմսերի արժեզրկման հետևանքով:

Ռուսաստանի ֆինանսների նախարարությունը, այդուհանդերձ, երեկ ուշ երեկոյան հայտարարել է, թե տագնապի առիթ չկա, քանի որ վտանգավոր հետևանքներ նոր պատժամիջոցների պատճառով չեն լինի, և դժվար թե Միացյալ Նահանգների Սենատը պատժամիջոցներ սահմանի ռուսական պետական պարտատոմսերի նկատմամբ, քանի որ դա հարված է նաև ամերիկացի ներդրողների շահերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG