Մատչելիության հղումներ

Պավլիկ Մանուկյանին կալանքից ազատ արձակելու միջնորդությունը մերժվեց


Պավլիկ Մանուկյան, արխիվ
Պավլիկ Մանուկյան, արխիվ

Դատարանն այսօր մերժեց ՊՊԾ գնդի տարածքի գրավման մեջ մեղադրվող՝ «Սասնա ծռերի» գործով առանցքային անդամ Պավլիկ Մանուկյանին կալանքից ազատ արձակել ու միջնորդությունը:

Դատավոր Մեսրոպ Մակյանը նշեց՝ Մանուկյանի այսօրվա ցուցմունքներից հետո ազատ արձակվելու դեպքում նա կարող է ազդել իր կողմից մատնացույց արված և գործով անցնող այլ անձանց վրա։ Մանուկյանի համար անձնական երաշխավորություն էին ներկայացրել ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Վահե Էնֆիաջյանն ու Շաքե Իսայանը։

Այսօրվա դատական նիստի սկզբում, դատավորի որոշմամբ, Մանուկյանը ցուցմունք տվեց հուլիսի 18-ի դատական նիստում իր արած սկանդալային հայտարարության վերաբերյալ։ Այսօր նա կրկին պնդեց, որ ՊՊԾ գնդում ձեռքից վիրավորված, ապա հիվանդանոցում մահացած ոստիկանի վրա կրակել է ոչ թե սպանության մեջ մեղադրվող Արմեն Բիլյանը, այլ խմբի մեկ ուրիշ անդամ՝ ներկայումս ազատության մեջ գտնվող Էդվարդ Գրիգորյանը։ Մանուկյանը շեշտեց՝ Գրիգորյանը պատահականորեն է կրակ բացել ՊՊԾ գնդի զինանոցի հարակից սենյակում գտնվող ոստիկանի՝ Գագիկ Մկրտչյանի ուղղությամբ։ Ըստ քրեական գործի, ոստիկանը մահացել էր օգոստոսի 13-ին։

«Եթե այդ քայլը Էդվարդ Գրիգորյանի փոխարեն կատարած լիներ Արամ Մանուկյանը՝ իմ տղան, ես հայտարարելու էի, որ այդ պատահական կրակոցի հեղինակն Արամ Մանուկյանն է: Իմ ասածը բացարձակ ճշմարտությունն է, կրակոցին ականատես եղել եմ ես, 1 մետր հեռավորության վրա»,- այսօր դատարանում հայտարարեց Պավլիկ Մանուկյանը: Նա շեշտեց՝ Արմեն Բիլյանը, որին մեղադրանք է առաջադրվել ոստիկանի սպանության համար, այդ ժամանակ սենյակում չի եղել։

Պավլիկ Մանուկյանը հուլիսի 18-ի դատական նիստում նաև հայտարարել էր, թե գնդի տարածքում գտնվող բանկոմատը կոտրել է ոչ թե Արմեն Բիլյանը, այլ ներկայումս նույնպես ազատության մեջ գտնվող Մխիթար Ավետիսյանը։ Վերջինս, ի դեպ, Պավլիկ Մանուկյանի կնոջ եղբայրն է։ Այսօր, երբ Մանուկյանը կրկին պնդեց իր ցուցմունքը, դատախազները հարցրեցին՝ ինչո՞ւ այդ մասին չի բարձրաձայնել երկու տարի շարունակ։ «Սասնա ծռեր» խմբի անդամն արձագանքեց՝ այն ժամանակվա իշխանությունների օրոք արդարադատություն չկար, և որևէ հայտարարություն անելու իմաստ էլ չկար։

Մանուկյանի ցուցմունքից հետո Էդվարդ Գրիգորյանը, որին մատնացույց է անում Պավլիկ Մանուկյանը, հրաժարվեց ցուցմունք տալ։ Իսկ Մխիթար Ավետիսյանը կարճ խոսեց․ «Միայն կասեմ, որ իրականությանը չի համապատասխանում»:

«Սասնա ծռեր» խմբի մյուս անդամները որևէ հարց Պավլիկ Մանուկյանին չուղղեցին։ Մեղադրող դատախազներն առարկեցին նրա խափանման միջոցը փոխելու դեմ, ասելով, որ Մանուկյանի հայտարարությունից և այսօրվա ցուցմունքներից հետո նա չի կարող գտնվել ազատության մեջ։ «Այս իրադարձությունների պարզորոշ վերլուծությունից ակնհայտ է դառնում, որ սույն գործով ամբաստանյալներն արդեն իսկ որդեգրել են դատարանում գործի քննությանը խոչընդոտելուն ուղղված գործողություններ կազմակերպելու վարքագիծ»,- ասաց դատախազ Արամ Արամյանը:

Ի պատասխան դատախազների հայտարարությանը, «Սասնա ծռեր» խմբի մեկ այլ առանցքային անդամ Վարուժան Ավետիսյանն էլ ասաց՝ մեղադրող կողմի պնդումը, թե կա գաղտնի համագործակցություն «Սանսա ծռեր» խմբի անդամների միջև, իրականությանը չի համապատասխանում։ «Ես կրկնում եմ, որ չկա համագործակցություն՝ դատարանին մոլորության մեջ գցելու հարցում»,- ասաց Ավետիսյանը: Նա նաև հայտարարեց՝ Պավլիկ Մանուկյանն իր հայտարարություններն իրենց հետ չի համաձայնեցրել։ Պավլիկ Մանուկյանը, դիմելով «Սասնա ծռեր» խմբի մյուս անդամներին, հայտարարեց․ «Մեր մեջ ոչ մի ճաք չկա, տղերք, դուք բոլորդ էլ արդարության մարտիկներ եք»:

Դատարանի որոշմամբ այսօր կալանքից ազատ արձակվեց «Սասնա ծռեր» խմբի անդամ Գագիկ Եղիազարյանը։ Նրա համար անձնական երաշխավորություն էին ներկայացրել ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Վահե Էնֆիաջյանը, Շաքե Իսայանը և Հակոբ Նազարյանը։ Լրագրողների հետ զրույցում Եղիազարյանը չցանկացավ անդրադառնալ Պավլիկ Մանուկյանի սկանդալային հայտարարությանը։

Թավշյա հեղափոխությունից հետո կալանքից ազատ են արձակվել երկու տարի առաջ ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը գրաված զինված խմբի 23 անդամներ, նաև 4 անձ, ովքեր մեղադրվում են խմբին օժանդակելու մեջ: Կալանքի տակ են շարունակում մնալ «Սասնա ծռեր» խմբի առանցքային անդամներ Վարուժան Ավետիսյանը, Պավլիկ Մանուկյանը, Արայիկ Խանդոյանը և ոստիկանների սպանության մեջ մեղադրվող Սմբատ Բարսեղյանն ու Արմեն Բիլյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG